«ՀԺ». Եթե դրսից չհրահրեն, ռազմական գործողությունները չեն վերսկսվի. Բրայզա

«ՀԺ». Եթե դրսից չհրահրեն, ռազմական գործողությունները չեն վերսկսվի. Բրայզա
Հունիս 17 09:25 2017

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԼՂ հակամարտությունը խանգարում է Հարավային կովկասում տնտեսական զարգացմանը եւ տարածաշրջանային անվտանգությանը, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան եւ ՄԽ նախկին համանախագահ Մեթյու Բրայզան: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Բրայզայի խոսքով, երբ ինքը ՄԽ համանախագահներից մեկն էր, միջնորդներն առաջ էին շարժվում, քանի որ ԱՄՆ եւ ՌԴ նախագահները՝ Ջորջ Բուշն ու Դմիտրի Մեդվեդեւն ուշադիր էին այս հակամարտության հարցում եւ անմիջական մասնակցություն էին ունենում դրա կարգավորմանը:

«Իսկ հիմա ես վախենում եմ, որ ԱՄՆ-ն հստակ քաղաքականություն չունի եւ ոչ միայն Հարավային Կովկասի մասով, այլ ամբողջ աշխարհում: …Այժմ քննություն է ընթանում ԱՄՆ ընտրական գործընթացին Ռուսաստանի միջամտության հարցով, եւ քանի դեռ այս բոլոր հարցերը չեն կարգավորվել, ԱՄՆ եւ ՌԴ հարաբերություններում դրական տեղաշարժերն անհնար են»,-ասել է Բրայզան:

Դիվանագետն ընդգծել է, որ շփման գծում ռազմական գործողությունների վերսկսումը չի բխում ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի շահերից: «Կարծում եմ, որ նման բան կլինի միայն, եթե դրսից հրահրեն»,-ասել է Բրայզան եւ հավելել, որ բանակցային գործընթացում առաջընթաց չի կանխատեսում, քանի դեռ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներն իրենց անձնական ներդրումը չունենան հակամարտության կարգավորման հարցում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում