Կարեն Կարապետյանը եւ Ալեքսեյ Միլլերը քննարկել են համագործակցության հեռանկարները

Կարեն Կարապետյանը եւ Ալեքսեյ Միլլերը քննարկել են համագործակցության հեռանկարները
Հունիս 16 17:24 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:

Կառավարությունից հայտնում են, որ վարչապետը բարձր է գնահատել «Գազպրոմ» ընկերության հետ համագործակցությունը եւ «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով Հայաստանում գազաէներգետիկ ոլորտի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ «Գազպրոմ Արմենիա»-ն վստահելի գործընկեր է, եւ ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովումը, անխափան գազամատակարարումը, ներդրումային եւ սոցիալական խոշոր նախագծերը շարունակաբար իրականացվում են «Գազպրոմ»-ի ղեկավարության պատրաստակամության եւ անմիջական ջանքերի շնորհիվ:

Ալեքսեյ Միլլերը շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք: Ընդգծելով, որ «Գազպրոմը» Հայաստանի հուսալի գործընկերն է՝ Ալեքսեյ Միլլերը նշել է, որ 2017 թ. Հայաստան գազի մատակարարման ծավալներն արձանագրել են համեմատական աճ: «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահը հավաստիացրել է, որ «Գազպրոմ»-ը կշարունակի իրականացնել իր առջեւ դրված բոլոր խնդիրները՝ կյանքի կոչելով Հայաստանի էներգետիկ զարգացմանը, գազամատակարարման հուսալի համակարգի ձեւավորմանը, գազիֆիկացման մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրեր, ինչպես նաեւ սոցիալական նշանակության նախագծեր:

Զրուցակիցները քննարկել են համագործակցության ընթացքին, ներդրումային ծրագրերին, ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաեւ «Գազպրոմ» ընկերության գործունեությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել Հրազդանի ՋէԿ-ի 5-րդ էներգաբլոկի եւ Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանի շահագործման աշխատանքներին, բազմաֆունկցիոնալ հնարավորություններով ուսումնամարզական համալիրի շինարարության ընթացքին, համատեղ մյուս ծրագրերին եւ երկկողմ գործակցության օրակարգում գտնվող մի շարք այլ հարցերի: Կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ արդյունավետ գործընկերությունն էլ ավելի զարգացնելու եւ նոր ծրագրերով սերտացնելու վերաբերյալ: