Սերգեյ Ավետիսյանը մեկնել է Բրյուսել` քննարկելու ԵՄ-ի հետ ընդհանուր ավիացիոն գոտու խնդիրը

Սերգեյ Ավետիսյանը մեկնել է Բրյուսել` քննարկելու ԵՄ-ի հետ ընդհանուր ավիացիոն գոտու խնդիրը
Հունիս 14 11:04 2017

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը 2017 թվականի հունիսի 14-18-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնական այցով գտնվելու է Բրյուսելում:

ՔԱԳՎ-ից հայտնում են, որ այցի շրջանականերում ՔԱԳՎ պետը մասնակցելու է Եվրոպայի աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպության («ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ») հատուկ խորհրդի նիստին եւ Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական միության միջեւ Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի (Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ ընդհանուր ավիացիոն գոտու) տեխնիկական հարցերի շուրջ քննարկմանը:

Եվրոպայի աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպության հատուկ խորհրդի նիստին նախատեսվում է «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի ընտրությունը:

ՀՀ ու ԵՄ միջեւ Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի տեխնիկական հարցերի շուրջ քննարկմանը նախատեսվում է վերջնականացնել համաձայնագրի մի շարք հոդվածներ, ինչպես նաեւ՝ պատրաստվել պաշտոնական բանակցությունների երկրորդ փուլին: