Վերաբացվել է Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառը

Վերաբացվել է Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառը
Հունիս 10 15:36 2017

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն այսօր մասնակցել են Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառի վերաբացման արարողությանը: ՀՀ գյուղատնտեսության նախարարը՝ Երևանի քաղաքապետի տեղակալի ուղեկցությամբ շրջել է տոնավաճառում, գնումներ կատարել, զրուցել գյուղացիների և գնորդների հետ: «Կարևորն այն է, որ գյուղատնտեսական տոնավաճառն այս տարի ևս վերաբացվեց: Մաշտոցի պողոտային հարակից տարածքում ևս նախատեսվում է վերաբացել գյուղատնտեսական տոնավաճառը՝ համապատասխան պահանջարկի դեպքում»,- նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը, անդրադառնալով տոնավաճառում իրացվող գյուղմթերքի գներին, նշել է, որ միշտ շուկան է ձևավորում գինը, և այս գյուղատնտեսական տոնավաճառը հարմար է թե գյուղացու, թե քաղաքացու համար նրանով, որ սակարկելու հնարավորություն կա:

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն էլ հիշեցրել է, որ երբ բացօթյա առևտուրը կանոնակարգելու ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկվեցին, մտավախություն կար, որ դրանից կարող են տուժել նաև գյուղացիները: Սակայն նման անցանկալի զարգացում տեղի չի ունեցել, քանի որ անմիջապես հետևել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականը` մայրաքաղաքի վարչական շրջաններում երեք տասնյակից ավելի գյուղատնտեսական փոքր շուկաներ բացելու վերաբերյալ: Փոխքաղաքապետը նաև նշել է, որ անհրաժեշտության դեպքում գյուղմթերքի տոնավաճառների համար կտրամադրվեն նոր տարածքներ, իսկ Գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցությունը կլինի շարունակական:

Տոնավաճառին, որը կկազմակերպվի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին, մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի շուրջ 125 գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը:

ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ 2011 թվականից կազմակերպվող այս տոնավաճառների համար մասնակցության պայմաններն անփոփոխ են: Մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:

Առևտրային միջնորդների մասնակցությունը տոնավաճառին բացառելու նպատակով կազմակերպիչների կողմից տեղում իրականացվում է վերահսկողություն:

Տոնավաճառի մասնակիցներին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն անվճար տրամադրել է հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ ու սայլակներ: Երևանի քաղաքապետարանն աջակցել է տարածքի տրամադրման հարցում և յուրաքանչյուր տոնավաճառի օրվա ավարտին իրականացնելու է տարածքի մաքրման աշխատանքներ: Տոնավաճառի տարածքում հասարակական կարգը և երթևեկությունը կարգավորում է ՀՀ ոստիկանությունը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին