«Ժամանակ». Կատարի շուրջ ճգնաժամի պատճառով կարող են դադարել Երևան-Դոհա չվերթները


«Ժամանակ». Կատարի շուրջ ճգնաժամի պատճառով կարող են դադարել Երևան-Դոհա չվերթները
Հունիս 6 09:20 2017

Արաբական չորս պետություններ՝ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Բահրեյնը և Եգիպտոսը, հայտարարել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: Այս փաստը կարող է առաջիկայում լուրջ խնդիրներ ստեղծել նաև մեզ համար:

Մասնավորապես՝ QatarAirways-ը, 2016 թվականից սկսած, կանոնավոր չվերթեր է իրականացնում Երևանից Դոհա: Երկրները, որոնք դադարեցրել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ, դադարեցրել են նաև օդային և ցամաքային հաղորդակցությունը։ Հիմա Երևան-Դոհա չվերթը կշարունակի գործել, թե ոչ՝ կախված է ԱՄՆ-ից։ ԱՄՆ-ը կոչ է արել, որ դիվանագիտական հարաբերությունները դադարեցրած երկրները լեզու գտնեն Դոհայի հետ։

Չի բացառվում, որ այդ երկրները, որոնք ԱՄՆ դաշնակիցներն են, պահանջեն Վաշինգտոնից Կատարի դեմ կիրառել պատժամիջոցներ, որոնք առաջին հերթին կարող են առնչվել Qatar Airways-ին։ Այդ դեպքում Երևանը ստիպված կլինի դադարեցնել կանոնավոր չվերթները դեպի Կատարի մայրաքաղաք։ Qatar Airways-ը Միջին Արևելքի ամենամեծ ավիաընկերություններից մեկն է, ունի մեծ ցանց և թռիչքներ է իրականացնում ավելի քան 140 ուղղություններով: