Դեկտեմբերի 2-ին հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, նախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթների իրագործումը:
«Կողմերը քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դրույթների իրականացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի առանձին հարցեր»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ երկու գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել: