Ես տեղ եմ գնացել, որ 500 հոգի կռվող կային, հարցնում եմ` ձեր հրամանատարն ով է, չգիտեին. Գորիսցի կամավորական


Ես տեղ եմ գնացել, որ 500 հոգի կռվող կային, հարցնում եմ` ձեր հրամանատարն ով է, չգիտեին. Գորիսցի կամավորական
Նոյեմբեր 29 23:42 2020



Պատերազմի ժամանակ թերություները շատ են եղել, անկազմակերպվածությունը շատ էր, դրանից եմ ամենաշատը նեղված: NEWS.am-ի հետ զրույցում պատմեց գորիսցի կամավորական սակրավոր Գարիկ Օհանջանյանը:

«Ես կամավոր գնացել եմ, հլը հավաք չկար, անուն ազգանուն, բիլետս ու հեռախոսահամարս թողել եմ, ասել եմ, որ վայրկյանին պետք լինեմ, սակրավոր եմ, կանչեք: Տեսել եմ, որ մի քանի ժամ չեն կանչում, նորից գնացի, ասեցի` բա խի չեք կանչում, ու ըտեղից գնացել եմ, էլ տուն չեմ եկել: Գնացել ենք, թերությունները շատ է եղել, շատ, ես դրանցից եմ ամենաշատը նեղված: Կռվում պիտի պարտվեն էլ, կռվում զոհ էլ են տալիս, բայց որ ներսի թուլությունը, անկազմակերպվածությունը կար, դրանից եմ նեղվում, որ էս 25-30 տարում չպատրաստվեցինք: Ջոկատներ կային, որ մտնում, ասում էին` փախեք, հողերը ծախած է ու զորքի մեջ խուճապ կար, դե խուճապն էլ ամենավտանգավորն է, մենք շատ էինք թույլ, անհավասար մարտեր էին, բայց կարայինք, պահեինք»,- պատմեց նա:

Նրա խոսքով` բանակի թուլացումը նկատել է նոյեմբերի 2-ից, 3-ից. «Բանակի մեջքը միանգամից կոտրվեց, զգում էինք մենք»:

 

Կամավորական Գարիկի կարծիքով հրամանատարներ էին պատերազմում պետք, մեծամասնությունը զոհվել էր. «Ինչքան լավ հրամանատար կար, զոհվել էր: Կոնկրետ հրամանատարներ էին, պետք, որ մարդկանց կառավարեին: Ես տեղ եմ գնացել, որ 500 հոգի կռվող կային, հարցնում եմ` ձեր հրամանատարն ով է, չգիտեին, իրար երեսի էին նայում, չգիտեին` իրենք, որ տարածում են եւ իրենց ինչ է սպասվում ճիշտ չգործելու դեպքում»: