Ռուս խաղաղապահների աջակցությամբ ևս 2431 մարդ Հայաստանից վերադարձել է Լեռնային Ղարաբաղ


Ռուս խաղաղապահների աջակցությամբ ևս 2431 մարդ Հայաստանից վերադարձել է Լեռնային Ղարաբաղ
Նոյեմբեր 29 23:20 2020

Ռուս խաղաղապահների աջակցությամբ վերջին մեկ օրում ավելի քան 2400 փախստական է Հայաստանից վերադարձել Լեռնային Ղարաբաղ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Մեկ օրում ռուս խաղաղապահ ուժերի աջակցությամբ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 2431 մարդ: Նոյեմբերի 14-ից ի վեր իրենց մշտական բնակության վայր է վերադարձել 23 514 փախստական»,- հայտնել են ռուսական ռազմական գերատեսչությունից:

Նախարարությունում նշել են, որ «հրադադարի ռեժիմը շփման գծի ողջ երկայնքով պահպանվում է»: ՌԴ խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համակարգմամբ շարունակվում է զոհերի մարմինների որոնման և փոխանակման աշխատանքները:

«Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծումը: Ընդհանուր առմամբ, մաքրվել է 24,67 հեկտար տարածք, 8,2 կմ երկարությամբ ճանապարհ և սոցիալական նշանակություն ունեցող երեք կառույց, հայտնաբերվել և վնասազերծվել է 766 պայթյունավտանգ առարկա»,- հավելել են ՌԴ ՊՆ-ում:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր  ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել: