Ինչո՞ւ է Ջալալ Հարությունյանը մերժել Նիկոլ Փաշինյանին


Ինչո՞ւ է Ջալալ Հարությունյանը մերժել Նիկոլ Փաշինյանին
Նոյեմբեր 21 23:20 2020

168.am-ը գրում է․

168.am-ի տեղեկություններով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ ռազմական և անվտանգային հարցերով իր գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանին  Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելը այցելել է զինվորական հոսպիտալում գտնվող Արցախի ՊԲ արդեն նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին։

Հիշեցնենք, հոկտեմբերի 27-ին Արցախի նախագահի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվել էր  Արցախի հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից։ «Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով և տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա»,-այդ օրերին հայտարարել էր Արայիկ Հարությունյանը։ Թեև դրանից հետո նրան շնորհվել էր «Արցախի հերոս» կոչումը, սակայն շատերի մոտ տարակուսանք էր առաջացրել այն հանգամանքը, որ ծանր վիրավորում ստացած Ջալալ Հարությունյանին անմիջապես ազատում են պաշտոնից։ Կարող էին, չէ՞, օրինակ, Արցախի ներկայիս պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանին ժամանակավոր պաշտոնակատար նշանակել, մինչև Ջալալ Հարությունյանը կապաքինվեր։ Շտապեցին ազատել պաշտոնից և նոր նշանակում անել, ինչը զինվորականության շարքերում այնքան էլ լավ չընդունվեց։

Փաշինյանի՝ զինվորական հոսպիտալում Ջալալ Հարությունյանին այցը կոնկրետ նպատակ է ունեցել։ Նա ծանր վիրավորումով հիվանդանոցում գտնվող Ջալալ Հարությունյանին առաջարկել է զբաղեցնել ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնը՝  Դավիթ Տոնոյանի փոխարեն։ Ընդ որում, որքան հասկանում ենք՝ Տոնոյանը Փաշինյանի այդ մտադրության մասին չի իմացել։

Ջալալ Հարությունյանը, սակայն, կտրականապես մերժել է Փաշինյանի առաջարկը։  Միգուցե հասկանալով Փաշինյանի հետին նպատակները՝ քարոզչական իմաստով, միգուցե՝ առողջական վիճակով պայմանավորված, քանի որ  ով՝ ով, բայց Ջալալ Հարությունյանը շատ լավ է հասկանում՝ ինչ է տեղի ունեցել իրականում, Արցախի և Հայաստանի շուրջ ինչ գործընթացներ են դեռ սպասվում մեզ՝ տարածքների հանձնման և անվտանգային մարտահրավերների առումով։