ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ


ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ
Նոյեմբեր 21 21:53 2020

Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Ֆրանսիայի արտգործնախարարը շնորհավորել է Արա Այվազյանին արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն այդ կարևոր առաքելությունում: ՀՀ ԱԳ նախարար Այվազյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ համատեղ քայլեր ձեռնարկելու երկու երկրների միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների և բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ։

ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նոյեմբերի 9-ի հրադադարի հաստատման և Արցախում խաղաղապահների տեղակայման վերաբերյալ համատեղ հայտարարությանը հաջորդած զարգացումների և տարածաշրջանում ստեղծված իրադրության շուրջ։

Անդրադարձ է կատարվել Արցախում թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։

Նախարար Այվազյանն այդ առնչությամբ կարևորել է միջազգային հանրության ներգրավվածությունն արցախահայության բնականոն կենսագործունեության վերականգման համար պայմանների ապահովման ուղղությամբ տեղում իրականացվող աշխատանքներին:

Երկուստեք ընդգծվել է Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության կոթողների պահպանության առաջնայնությունը։

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Արա Այվազյանը և Ժան-Իվ Լը Դրիանը կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների համագործակցությունը արցախահայության իրավունքների և շահերի լիարժեք հասցեագրման գործում:



loading...