Այսինքն ի՞նչ՝ մեր զավակներին կոտորել եք տալիս, որ հետո փիառ անեք, թե իբր կռվելո՞վ ենք հանձնել. Արծվիկ Մինասյան


Այսինքն ի՞նչ՝ մեր զավակներին կոտորել եք տալիս, որ հետո փիառ անեք, թե իբր կռվելո՞վ ենք հանձնել. Արծվիկ Մինասյան
Նոյեմբեր 21 19:58 2020



Մարդը փորձում է մեկ լուր իմանալ իր զավակից, իսկ նրանք անամոթաբար հայտարարում են, որ եթե մենք ավելի վաղ համաձայնեինք, մեզ կմեղադրեիք Շուշին հանձնելու մեջ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ նշեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը:

«Նիկոլ Փաշինյանն եւ իր թիմն ասում է՝ եթե իշխանափոխություն լինի, եկողները ի՞նչ պիտի անեն։ Առաջին կարեւոր խնդիրը, որ նոր որակի իշխանությունը պետք է իրականացնի, Հայաստանի արժանապատվության վերականգնում է։ Արտաքին այնպիսի քաղաքականություն, որը կբացառի պատերազմը՝ հակառակ այն բանի, որ եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել մեր ժողովրդին սպասում են նոր պատերազմներ, նոր արհավիրքներ։ 8 ամսում Նիկոլ Փաշինյանը եւ իր կառավարությունը «ապահովեց» 8000 զոհ։ 8000 երիտասարդ զոհվեց ռազմաճակատում, զոհվեց կորոնավիրուսից եւ սրա մեղավորը Նիկոլ Փաշինյանը եւ իր կառավարությունն է, եւ հետեւաբար՝ բոլոր այս մեղավորները պետք է կանգնեն դատարանի առաջ, պետք է կրեն պատասխանատվություն, որպեսզի հետագայի համար բացառենք նման ազգադավ իշխանության գոյությունը մեր երկրում»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Հաջորդ կարեւոր ուղղությունը նոր իշխանության համար, ըստ Մինասյանի, ողնաշարը կոտրված տնտեսության վերականգնումն է, աշխատատատեղերի եւ եկամտի ապահովում է, այլ ոչ թե այսօրվա նման մարդկանց լցրել են տները, արգելել են տներից դուրս գալ եւ բարձրաձայնել խնդիրները։

«Արտաքին պարտքի շեշտակի վերանայումը, հակառակ դեպքում մեր պետությունը այդ արտաքին պարտքի տակ «ճկռելու է», չի կարողնալու դուրս գալ։ Այս կառավարությունը թիվ մեկ մեղավորն է այս ամենի։ Երրորդ կարեւոր ուղղությունը՝ սոցիալական աննորմալ համակարգի վերափոխումն է։ Սոցիալապես անապահով մեր բազահազարանոց մարդկանց միացել են ճակատում հաշմանդամ դարձած, զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանությունը։ Այս կառավարությունը ի վիճակի չէ լուծել այս խնդիրները, որովհետեւ ինքն է ստեղծել այս վիճակը եւ խորացնում է այս վիճակը»,-ասաց նա:

Արծվիկ Մինասյանը նաեւ վստահեցրեց, որ նոր կառավարության առաջնահերթ անելիքներից է ոչ միայն մեր նահատակվածներին արժանին մատուցելը, այլեւ ամեն ջանք գործադրելը, որ անհայտ կորածների ճակատագիրը ի վերջո բացահայտվի։

«Այս մարդիկ չեն հասկանում, որ մարդը վշտի մեջ, կոտրված մեջքով, փորձում է վերականգնել իր արժանապատվությունը, մեկ լուր իմանալ իր զավակից, իսկ նրանք անամոթաբար հայտարարում են, որ մենք ավելի վաղ համաձայնեինք, մեզ կմեղադրեիք Շուշին հանձնելու մեջ։ Այսինքն ի՞նչ՝ մեր զավակներին կոտորել եք տալիս, որ հետո փիառ անե՞ք, թե իբր կռվելով ենք հանձնել։ Դուք մա՞րդ եք թե՞ անասուն։ Այս մարդկանց դատել է պետք օրենքի ամենախիստ նորմերով։ Մեծ եւ տաժանակիր աշխատանքն է սպասում նոր կառավարությանը, ես չգիտեմ, ովքեր են պատրաստ այդ պատասխանատվությունը վերցնել իրենց վրա, բայց մեկ բան պարզ է՝ այս կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, երկիրը տանելու է ավելի խորը անդունդի, մեր քաղաքացիները լքելու են երկիրը։ Օր առաջ իշխանության հեռացումը ժողովրդի փրկության հարցն է»,- ասաց Մինասյանը։

Իր խոսքի վերջում Արծվիկ Մինասյանը դիմեց Հայաստանում եւ սփյուռքում ապրող հայերին․ «դիմում եմ այն մարդկանց, որոնք ժամանակին հավատացել են Նիկոլ Փաշինյանին, ձայն են տվել իրեն եւ իր թիմին, սիրելի հայրենակիցներ, սխալվել եք,  ոչինչ, կարող եք այդ սխալը ուղղել՝ վայրկյան առաջ այս պահանջին միանալով։ Մենք չենք գալիս, ես չեմ գալիս իշխանություն վերցնելու, ես ու այս թիմը, դուք բոլորդ գալիս եք, որպեսզի իշխանությունը իսկապես վերադարձնեք ազգային մտածողությամբ, ժողովրդի ամենօրյա հոգսերով ապրող, հայոց պետականությունը արժեւորող այն ուժերին եւ անձանց, որոնք ի վիճակի են այս պայմաններում վերկանակգնել հայ ժողովրդի արժանապատվությունը։

 

Սիրելի սփյուռք, դուք շատ եք պաշտպանել Նիկոլ Փաշինյանին, եկել է ժամանակը, որ ձեր առարկայական քայլերով, ձեր պահանջներով Հայաստանում վերականգեք հայ ժողովրդի իրական իշխանությունը։ Հեռացնենք Նիկոլ Փածինյանին, փրկենք հայ ժողովրդի արժանապատվությունը»։