«Բանակը ոչնչում մեղավոր չէ». Լևոն Մնացականյանը` պատերազմի մասին


«Բանակը ոչնչում մեղավոր չէ». Լևոն Մնացականյանը` պատերազմի մասին
Նոյեմբեր 21 15:25 2020

ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը հակադարձում է այն խոսակցություններին, թե բանակը, զինվորները փախել են պատերազմի դաշտից։ Լևոն Մնացականյանը «Հրապարակի» հետ հարցազրույցում ասել է, որ բանակն ինչ որ պետք է, արել է, մնում էր քաղաքական գործիչներն էլ իրենցն անեին։

«Պատերազմը կանգնեցնողները զինվորականները չեն, քաղաքական գործիչներն են, զինվորականները բանակի հետ իրենց գործն արել են, անելուց են եղել»,–ասել է Մնացականյանը։

Դիտարկմանը, թե ներկայացվում է, որ բանակն այնքան էլ լավ չի կռվել, իրավիճակ է ստեղծվել, ինչի համար էլ հնարավոր չի եղել պատերազմը շարունակել` Մնացականյանը շեշտել է` բանակը ոչնչում մեղավոր չէ, իր գործը լրիվ արել է։

 

Անդրադառնալով լուրերին, թե Շուշին ոչ թե գրավել են, այլ հանձնել, Մնացականյանն ասել է, թե չգիտի` Շուշին հանձնելու պատճառը որն է եղել։ «Ես էդ ուղղությամբ չեմ եղել։ Թող ովքեր եղել են, իրենք էլ այդ հարցերի պատասխանները տան»,–ասել է նա` հավելելով, որ Արցախում եղել է այն ուղղությամբ, որտեղ գնալու ցուցում է եղել նախագահից։

Լևոն Մնացականյանը հավելել է նաև, որ Շուշիի առնչությամբ դեռևս պարզաբանումներ չի խնդրել պատասխանատուներից։

Հիշեցնենք` նոյեմբերի 11-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում փակագծեր էր բացել և ասել, թե ինչու էր օրեր առաջ շնորհակալություն հայտնել գեներալ–լեյտենանտ, Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին։ «Հարցն այն է, որ օրեր շարունակ ամբողջ մի քանի կիլոմետր հատվածում գրեթե զորք չունեինք. ում բերում էին, փախնում էին։ Լևոն Մնացականյանն էր կառավարում այդ բնագիծը։ Իր հմտությամբ, օգտագործելով մեր հրետանին, նա կարողացել է ոչ միայն հետ մղել հակառակորդի հարձակումները, այլ նաև այնպիսի տպավորություն ստեղծել, որ այդ ամբողջ երկայնքով զորք ունենք»,–ասել էր Հարությունյանը։

Արցախի նախագահը նշել էր` Մնացականյանը մի քանի օր եղել է Շուշիի հատվածում, որը սկսվում է Թոփխանայից ու հասնում մինչև Սարուշեն։

 



loading...