Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հրետանային հարված են հասցրել երկրի հյուսիսարեւմտյան սահմանի մոտ գտնվող ահաբեկչական խմբավորումների դիրքերին: Այս մասին շաբաթ օրը հաղորդել է ISNA գործակալությունը՝ հղում անելով ԻՀՊԿ մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ հարվածը հասցվել է «հյուսիսարեւմտյան սահմանի մյուս կողմին»: Միեւնույն ժամանակ, չի նշվում, թե որ պետության տարածքի մասին է խոսքը:
Ուրբաթ օրը Արեւմտյան Ադրբեջան հյուսիսարեւմտյան նահանգում զինյալների հետ բախումների հետեւանքով երեք իրանցի սահմանապահ էր սպանվել, եւս երկուսը վիրավորվել էին: Tasnim գործակալությունը տեղեկացրել է, որ հարձակումը հետ է մղվել, իսլամական հանրապետության զինված ուժերը թույլ չեն տվել թշնամուն մուտք գործել երկիր:
Իրանի հյուսիսարեւմտյան գավառները սահմանակից են Իրաքին, Թուրքիային, Հայաստանին եւ Ադրբեջանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: