Ինչու՞ COVID-19-ի դեպքում պետք չէ բոլորին անխտիր հակաբիոտիկներ, ցինկ եւ արյունը հեղուկացնող դեղամիջոցներ նշանակել


Ինչու՞ COVID-19-ի դեպքում պետք չէ բոլորին անխտիր հակաբիոտիկներ, ցինկ եւ արյունը հեղուկացնող դեղամիջոցներ նշանակել
Նոյեմբեր 8 03:05 2020
Հայաստանում այսօր կորոնավիրուսով հիվանդները դեղամիջոցների նույն ցուցակով են մտնում դեղատներ` հակաբիոտիկներ (ընդ որում` հաճախ միանգամից մի քանի), ցինկ եւ արյունը հեղուկացնող միջոցներ:
 
Իրականում հիվանդներից շատերն այս բոլոր դեղամիջոցների կարիքը չունեն: Եվ դրանց օգտագործումը ոչ միայն գումարի զուր վատնում է (օրինակ, միայն հակագոուլանտներն առնվազն 3000 դրամ արժեն), այլեւ` պոտենցիալ խնդիր հիվանդի եւ նրա շրջապատի համար. հակաբիոտիկների չհիմնավորված օգտագործումը, օրինակ, կարող է դրանց նկատմամբ դիմադրության զարգացման հանգեցնել, ինչն արդեն լուրջ գլոբալ խնդիր է դարձել:
 
Ընտանեկան բժիշկ Սամվել Հայրումյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց, որ Առողջապահության ազգային Ինստիտուտը օրերս ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ հեռավար դասընթացներ կազմակերպեց կորոնավիրուսային հիվանդության վարման ուղեցույցի վերաբերյալ, որտեղ տվյալները վերցված են եվրոպական եւ ամերիկյան ուղեցույցներից, ընդհուպ Ամերիկյան առողջապահության ազգային ինստիտուտի կողմից ներկայացված ուղեցույցը՝ հոկտեմբերի 9-ով թարմացված։
 
Սակայն, դատելով նրանից, թե դեղամիջոցների ինչ ցուցակներով են պացիենտները մտնում դեղատուն, կարելի է եզրակացնել, որ COVID-19-ով հիվանդների բուժման մեջ ներգրավված ոչ բոլոր մասնագետներն են լսել այս դասընթացը:
 
Հակաբիոտիկների եւ կորոնավիրուսի մասին
 
Մասնագետի խոսքով` ուսումնասիրությունները ցույց են տվել, որ COVID-19-ով պացիենտների մոտ երկրորդային մանրէային վարակներն այնքան էլ տարածված չեն. հոսպիտալացված հիվանդների միայն 3.5-8 տոկոսի մոտ է բակտերիալ/սնկային ինֆեկցիաներ գրանցվել, եւ միայն այդ հիվանդների համար է հակաբիոտիկների նշանակումը արդարացված:
 
Եթե ​​հիվանդի մոտ միայն կորոնավիրուսային վարակ է կասկածվում կամ նույնիսկ արդեն հաստատվել է, սակայն նրա վիճակը միջին ծանրության է եւ բակտերիալ վարակ չկա (ինչի մասին կարող են վկայել թարախային թացությունը, լեյկոցիտոզ> 10 × 10⁹/լ, նեյտրոֆիլոզ, 38⁰C-ից բարձր ջերմություն), նրանց հակաբիոտիկներ նշանակել խորհուրդ չի տրվում:
 
Չհոսպիտալացված հիվանդներին խորհուրդ է տրվում անհրաժեշտության դեպքում այսպես կոչված առաջնային հասանելիության հակաբիոտիկներ նշանակել, բայց ոչ երբեք` ռեզեռվի հակաբիոտիկներ:
Հակաբիոտիկների բուժման տեւողությունը անհատական ​​է եւ կախված է բազմաթիվ գործոններից, այդ թվում` հիվանդի տարիքից, քրոնիկ հիվանդությունների առկայությունից, իմունային համակարգի վիճակից, բարդությունների առկայությունից, հայտնաբերված պաթոգենի տեսակից եւ այլն:
 
Անհայտ էթիոլոգիայի մեղմ հիվանդության դեպքում հակաբիոտիկներով բուժումը պետք է հնարավորինս կարճ լինի` միջինում 5-7 օր, ընդ որում, ցանկալի է նախապատվությունը տալ հաբերին: Ավելի բարդ դեպքերում բուժումը կարող է 10 օր տեւել:
 
Մասնագետի խոսքով` հակաբիոտիկների լայն եւ չարդարացված օգտագործումը խրախուսել չի կարելի, քանի որ դա կարող է այդ դեղերի նկատմամբ ռեզիստենտության զարգացման հանգեցնել, ինչը կարող է լրացուցիչ մահերի պատճառ դառնալ` ինչպես COVID-19 համավարակի ժամանակ, այնպես էլ դրանից հետո:
ՀՇ-ի եւ կորոնավիրուսի մասին
COVID-19-ի միջին ծանրության ընթացքի դեպքում (թոքաբորբ առանց հիպօքսիայի) ռենտգենոգրաֆիան կամ համակարգչային շերտագրությունը (ՀՇ) կատարվում է հիվանդության սկզբում և ոչ շուտ, քան հակաբակտերիալ բուժումը սկսելուց 14 օր հետո: ԱՀԹ-ի ռադիոլոգիական փոփոխությունները անցնում են դանդաղ, թոքաբորբի դինամիկան գնահատելու համար կրկնակի ռադիոլոգիական հետազոտությունը իրականացվում է ամբուլատոր պայմաններում՝ ախտանիշների հետզարգացումից 1-2 ամիս հետո:
 
Թոքերի ՀՇ համար ցուցումներն են՝
ա) թոքաբորբի ախտանիշների ակնհայտ առկայության դեպքում թոքերի ռենտգեն նկարում փոփոխությունների բացակայություն,
բ) թոքաբորբին ոչ բնորոշ փոփոխություններ թոքերի ռենտգեն նկարում,
գ) ռեցեդիվող կամ ձգձգվող թոքաբորբ, երբ թոքային հյուսվածքում ինֆիլտրատիվ փոփոխությունները շարունակվում են 1 ամսից ավել։
Այլ դեղամիջոցների եւ կորոնավիրուսի մասին
Մասնագետի խոսքով` չհոսպիտալացված կամ թթվածնային քաղց չունեցող հիվանդներին սպեցիֆիկ հակավիրուսային դեղեր, իմունոմոդուլյատորներ եւ դեքսամեթազոն խորհուրդ չի տրվում։
Հակամակարդիչներ նշանակում են հոսպիտալացված այն հիվանդներին, որոնք ունեն թրոմբագոյացման բարձր ռիսկ։
Ինչ վերաբերում է վիտամիններին եւ ցինկին, ապա չկան ապացուցված տվյալներ դրանց արդյունավետության վերաբերյալ։