Արցախի փրկարարներն այս դժվար օրերին, ավելի քան երբևէ՝ հերոսական աշխատանք են կատարում․ ԱՀ ԱԻՊԾ տնօրենի ուղերձը


Արցախի փրկարարներն այս դժվար օրերին, ավելի քան երբևէ՝ հերոսական աշխատանք են կատարում․ ԱՀ ԱԻՊԾ տնօրենի ուղերձը
Հոկտեմբեր 30 11:36 2020
ԱՀ ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգյանն ուղերձ է հղել Արցախի փրկարար ծառայողի մասնագիտական տոնի կապակցությամբ, որում ասվում է․ 
«Հարգելի հայրենակիցներ.
Ավանդաբար հոկտեմբերի 30-ին մենք նշում ենք Արցախի փրկարար ծառայողի մասնագիտական տոնը:
Տրամադրությունը տոնական չէ, քանի որ մեր երկրին պատուհասած պատերազմական աղետը փոխեց մեր կյանքի ընթացքը, բայց ոչ փրկարարի գործառույթը:
Արցախի փրկարարներն այս դժվար օրերին, ավելի քան երբևէ՝ հերոսական աշխատանք են կատարում: Թշնամու արձակած հրթիռների ու կրակահերթի տակ յուրաքանչյուր ծառայող գերակատարում է իր առջև դրված խնդիրը և պատվով ու պատասխանատվությամբ ծառայում հայրենիքին ու ժողովրդին:
Սակայն, գերլարված ու ծանրաբեռնված առօրյան առ ոչինչ է այն շնորհակալական ու օրհնության խոսքերի դիմաց, որ լսում ենք ամեն օր:
Ուստի, հոգով փրկարար լինելն ապրելակերպ է, որն իր մեջ ամփոփում է մարդասիրություն ու բարություն:
Երախտագիտություն եմ հայտնում համակարգի ողջ անձնակազմին, մեր հայրենիքին ու ժողովրդին անմնացորդ ծառայելու և այս դժվար ժամանակահատվածում՝ բացառիկ նվիրվածության համար: Հպարտ եմ, որ ունեմ Ձեզ նման համածառայակիցներ:
Շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի կապակցությամբ: Նույնն է բոլորիս ցանկությունը. Մաղթում եմ մեր երկրին խաղաղություն և ամենայն բարիք բոլորիս օջախներին»:


loading...