«ԱՄՆ Պետդեպարտամենտը պետք է դատապարտի Ադրբեջանի նողկալի ռազմական հանցագործությունները»․ կոնգրեսական Փալոն


«ԱՄՆ Պետդեպարտամենտը պետք է դատապարտի Ադրբեջանի նողկալի ռազմական հանցագործությունները»․ կոնգրեսական Փալոն
Հոկտեմբեր 30 10:13 2020

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը ԱՄՆ պետդեպարտամենտին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի նողկալի ռազմական հանցագործությունները։

«Ադրբեջանական ուժերի ռազմական հանցագործությունները շարունակում են աճել: Ադրբեջանը գնդակոծել է COVID-19 հիվանդների բուժման համար օգտագործվող ծննդատունը, պատմական եկեղեցին և Արցախի բազմաթիվ այլ քաղաքացիական կառույցներ: ԱՄՆ պետդեպարտամենտը պետք է դատապարտի այդ նողկալի գործողությունները»,- Twitter-ում գրել է կոնգրեսականը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։



loading...