Ռամզան Քադիրովը պատրաստ է հրաժարական տալ Մակրոնին քննադատելու հետ կապված իր դիրքորոշման պատճառով


Ռամզան Քադիրովը պատրաստ է հրաժարական տալ Մակրոնին քննադատելու հետ կապված իր դիրքորոշման պատճառով
Հոկտեմբեր 28 20:13 2020

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը պատրաստ է հրաժարական տալ, տառապել կամ էլ կյանքը տալ, որպեսզի պահպանի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին քննադատելու հետ կապված իր դիրքորոշումը: Այս մասին նա գրել է Թելեգրամի իր ալիքում:

Քադիրովի խոսքով՝ ինքը կրկնում է եւ պատրաստ է եւս հազար անգամ կրկնել Մակրոնի նկատմամբ իր խոսքերը: «Դա իմ իրավունքն է որպես մարդ, ով անսահման սիրում է իր կրոնն ու խստորեն հետեւում է սուրբ Ղուրանին եւ Սուննային»,-գրել է Չեչնիայի ղեկավարը:

Քադիրովը նույն ուղերձում վիճել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ՝ կապված Ֆրանսիայի նախագահի հասցեին ուղղված իր խոսքերի հետ: Նա հայտարարել է, որ իրեն պետք չէ բացատրել, թե ով է երկրում զբաղվում արտաքին քաղաքականությամբ, ինչպես է նա լուծում այդ հարցերը: Չեչնիայի ղեկավարը պարզաբանել է, որ իր դիրքորոշումն է հայտնել որպես մուսուլման, ով սիրում է իր կրոնը, այլ ոչ թե որպես քաղաքական գործիչ:

Ավելի վաղ Պեսկովն արձագանքել է Քադիրովի հայտարարությանը, ով Ֆրանսիայի նախագահին ահաբեկչության առաջնորդ է անվանել: Չեչնիայի ղեկավարը կարծիք է հայտնել, որ կրոնի նկատմամբ ծաղրանքը Փարիզի արվարձանում ուսուցչի հետ կապված ողբերգության պատճառ է դարձել: Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանում արտաքին քաղաքականությունը որոշում է նախագահը, այլ ոչ թե երկրի սուբյեկտների ղեկավարները, հաղորդում է Lenta-ն:

47-ամյա Սամյուել Պատին պատմության եւ աշխարհագրության ուսուցիչ էր Փարիզի Կոնֆլան-Սենտ-Օնորին արվարձանի քոլեջում: Խոսքի ազատությանը նվիրված դասի ժամանակ նա իր աշակերտներին ցույց էր տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, որոնք տպագրվել էին Charlie Hebdo ամսագրում: Հոկտեմբերի 16-ին Պատին մետրոյի վագոնում հարձակման էր ենթարկվել խոհանոցային դանակով զինված երիտասրադի կողմից, ով «Ալլահ աքբար» բացականչելով կտրել էր նրա պարանոցը:

Հարձակվողը գնդակահարվել էր ոստիկանության կողմից: Նա Մոսկվայում ծնված 18-ամյա չեչեն Աբդուլլահ Ա.-ն էր, ով Փարիզում Ռուսաստանի դեսպանատան տվյալներով, 2008-ին ընտանիքի հետ մեկնել էր Ռուսաստանից եւ քաղաքական ապաստան ստացել Ֆրանսիայում:

Մակրոնը սպանությունն ահաբեկչություն էր անվանել: Մակրոնի խոսքով՝ ուսուցիչը մահացել է այն պատճառով, որ «երեխաներին սովորեցրել է խոսքի ազատություն, հավատալու կամ չհավատալու ազատություն»: