«Ձեր լռությունը սպանում է մեզ… այսօր Էրդողանն ունի նույն հավակնություններն, ինչ Հիտլերը». Տիգրան Ձիթողցյան


«Ձեր լռությունը սպանում է մեզ… այսօր Էրդողանն ունի նույն հավակնություններն, ինչ Հիտլերը». Տիգրան Ձիթողցյան
Հոկտեմբեր 26 17:54 2020

Նկարիչ Տիգրան Ձիթողցյանն անդրադարձել է Արցախում ծավալվող իրադարձություններին՝ աշխարհին կոչ անելով արթնանալ ու կանգնեցրել ագրեսորին։ Տաղանդավոր նկարիչը «Ձեր լռությունը սպանում է մեզ» գրությամբ լուսանկար է հրապարակել՝ եվրոպական երկրներին ասելով՝ գլոբալ ահաբեկչության դեմ պայքարում ենք ոչ միայն մեզ, այլեւ նրանց համար։

«Արդեն մեկ ամիս է՝ հայերը հարձակման են ենթարկվում, եւ ամբողջ ազգը պայքարում է ապրելու իրավունքի եւ մեր հողերի մի մասը պաշտպանելու համար։ Սա պատերազմ չէ Ադրբեջանի ու Թուրքիայի՝ 10 անգամ մեծ բանակի դեմ։ Սա հայոց ցեղասպանության նոր փորձ է Էրդողանի եւ նրա մարիոնետ Ալիեւի կողմից, որոնք մեր դեմ են նետում ահաբեկիչների, որոնց վարձում են Սիրիայում եւ իսլամական այլ երկրներում։ Այսօր Վաշինգտոնում կնքված երրորդ հրադադարը խախտվեց, խաղաղ բնակչությունը արդեն մեկ ամիս է՝ ռմբակոծվում է»,- նշել է Ձիթողցյանը՝ հավելելով, որ բռապետները շարունակում են անել այն ինչ, ինչ հայերի դեմ արել են դարեր շարունակ եւ անպատիժ են մնում։

«Իրավացի՞ չենք մենք, երբ փորձում ենք պահպանել մեր քրիստոնեական ավանդույթները, մեր՝ դարերի պատմություն ունեցող, քրիստոնեական առաջին եկեղեցիները։ Դեմոկրատիա՞։ Մարդու իրավունքնե՞ր, թե՞ պետք է տարածվենք աշխարհով մեկ, ինչպես 105 տարի առաջ։ Մենք ընտրում ենք մնալ ու կռվել։ Պարզապես ուզում եմ եվրոպական հանդուրժող, ընկերներ երկրներին ասել, որ մենք գլոբալ ահաբեկչության դեմ պայքարում ենք ոչ միայն մեզ, այլեւ ձեզ համար։ Եթե մենք վաղն ընկնենք, նրանք կլինեն ձեր դռների մոտ։ Աս ամենը տեղի է ունենում, որովհետեւ նրանք չեն ճանաչել 1915թ.-ին 1.5 մլն հայերի ցեղասպանությունը։ Եթե այն ճանաչված լիներ, Հոլոքոսթ չէր լինի, Էրդողանի այսօրվա քայլերն անհնար կլինեին։ Պատկերացրեք՝ այսօրվա Գերմանիան ռմբակոծում է Իսրայելը… հնարավոր չէ պատկերացնել, այնպես չէ՞։  Որովհետեւ ֆաշիզմը ճանաչվել է։ Այսօր Էրդողանն ունի նույն հավակնություններն, ինչ Հիտլերը։ Նա փորձում է զավթել ու ոչնչացնել ամենն, ինչ կարող է։ Նայեք Սիրիային, Լիբիային, հիմա Հայաստանը հաջորդն է։ Գերմանացի ժողովուրդը ֆաշիստ չէր, միայն 3 տոկոսը։ Թուրքիայի ժողովուրդը եւ չէ, պարզապես տապալեք այդ խենթ մարդուն եւ դեմոկրատական երկիր կառուցեք, վերադարձրեք ձեր ազատությունը։ Արթնացիր աշխարհ, կանգնեցրու ագրեսորին»,- գրել է նա՝ օգտագործելով «խաղաղություն հայերի համար», «կանգնեցրեք Էրդողանին», «կանգնեցրեք Ալիեւին» հեշթեգերը։