Մենք մեր երեխաների թիկունքում կանգնած ենք․ Աղավնոյի կանայք մնացել են գյուղում ու լավաշ են թխում զինվորների համար


Մենք մեր երեխաների թիկունքում կանգնած ենք․ Աղավնոյի կանայք մնացել են գյուղում ու լավաշ են թխում զինվորների համար
Հոկտեմբեր 25 20:15 2020

Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի կանայք վարժվել են հրետակոծության ձայներին։ Կատակում են՝ որ կրակոցն ուշանում է, ասում են՝ տեսնես ինչի՞ ուշացավ։ NEWS.am-ի թղթակցի հարցին, թե չեն մտածո՞ւմ ապահով տեղ գնալու մասին, կանայք  արձագանքում են․

«Բա՞ մեր տղաները։ Մենք մեր երեխաների թիկունքում կանգնած ենք, չենք գնալու»։

Թիկունքում մնալն էլ աննպատակ չէ։ Կանայք հաց ու լավաշ են թխում, ճաշ եփում, որ սահմանը պաշտպանողները կուշտ լինեն։

«Մենք մայր ենք, եթե մեր երեխեքին լքենք, գնանք, մեր երեխեքը ո՞նց կլինեն։ Առանց մեր երեխեքի ոչ մի տեղ, ոչ մի քայլ չենք գնա»,- ասում է նրանցից մեկը։

Խաղաղության համար կանայք օր ու գիշեր աղոթում են։ Վստահ են՝ հաղթելու ենք։

«Երբեք մենք չենք ընկճվի ու հուսահատվի, մեր երեխեքն ասում են՝ կրակոցները ձեզ վրա չեն ազդո՞ւմ, չեք վախենո՞ւմ, ասում ենք՝ չէ»։



loading...