Կատալոնիայի հայ համայնքը մի քանի ժամ փակ է պահել ավտոմայրուղիներից մեկը՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը


Կատալոնիայի հայ համայնքը մի քանի ժամ փակ է պահել ավտոմայրուղիներից մեկը՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը
Հոկտեմբեր 25 00:30 2020

Կատալոնիայի հայ համայքի ներկայացուցիչները հոկտեմբերի 24-ի առավոտյան ժամերից փակել էին AP-7 ավտոմայրուղին:

Ինչպես ներկայացնում է La Vanguardia-ն, ցույցի հարյուրավոր մասնակիցներն այդպիսով փորձել են գրավել երկրի ղեկավարության, ինչպես նաև ողջ միջազգային հանրության ուշադրությունը՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը:

Մայրուղին մոտ 5 ժամ շարունակ փակ է եղել, որից հետո վերականգնվել է նորմալ երթևեկությունը:

Ցուցարարները տարբեր գրություններով պաստառներով և բացականչություններով փորձել են ցույց տալ աշխարհին, որ Ադրբեջանի բանակը հարձակվում է Լեռնային Ղարաբաղի դեմ, որին վերջ դնելու համար պետք է ճանաչել 1991 թվականին հանրաքվեի միջոցով հռչակված անկախությունն Ադրբեջանից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 24-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 217 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6614 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 963 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։