«Այդ ո՞ր օրվանից է Ղարաբաղը Ադրբեջանի տարածք. այնտեղ միշտ եղել են հայեր, հայեր և դարձյալ հայեր». Սոլովյովն ուղիղ եթերում պատասխանել է ադրբեջանցիների հայտարարություններին (տեսանյութ)


«Այդ ո՞ր օրվանից է Ղարաբաղը Ադրբեջանի տարածք. այնտեղ միշտ եղել են հայեր, հայեր և դարձյալ հայեր». Սոլովյովն ուղիղ եթերում պատասխանել է ադրբեջանցիների հայտարարություններին (տեսանյութ)
Հոկտեմբեր 24 23:20 2020

Ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովն իր յութուբյան Соловьёв LIVE ալիքի ուղիղ եթերում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեկնաբանություններին, այնուհետև հասկացրել ադրբեջանցի հետևորդներին, որ Ղարաբաղը պատմականորեն պատկանում է հայ ժողովրդին:

«Այդ ո՞ր օրվանից է Ղարաբաղը եղել Ադրբեջանի տարածք: Ղարաբաղի խանությունը ժամանակին մտել է Ռուսական կայրսրության կազմի մեջ, այլ ոչ թե Ադրբեջանի: Խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է, ոչ թե շրջանների: Այնտեղ միշտ եղել են հայեր, հայեր և դարձյալ հայեր: Կարող եք ձեր հեքիաթները, օրինակ, ալբանացիների մասին, պատմել ում ուզում եք: Միևնույնն է, ոչինչ չեք փոխի: Այնտեղ հայկական խաչերն են, հայկական շիրիմներ, հայկական եկեղեցի: Դա պատմությունն է»,-շեշտել է Սոլովյովը՝ հարցադրում անելով՝ մի՞թե ինքնավար մարզերը ինքնորոշման իրավունք չունեն:

Եթերի ավարտին Սոլովյովը միացել է ներկա պահին Գորիսում գտնվող ռուս լրագրող Իգոր Ժդանովին, որը ներկայացրել է, թե ինչպես են ադրբեջանցիները նախօրեին ռմբակոծել Ստեփանակերտը, որտեղ այդ պահին գտնվել էր ինքը: Լրագրողը շեշտել է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է դիվանագետների կողմից սահմանվող հրադադարը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 24-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 217 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6614 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 963 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։