Ֆրանսիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ. Թուրքիան այլեւս աշխարհիկ պետություն չէ


Ֆրանսիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ. Թուրքիան այլեւս աշխարհիկ պետություն չէ
Հոկտեմբեր 24 22:23 2020

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ռազմատենչ քաղաքականությունն ավելի ու ավելի է անհանգստացնում, հատկապես որ Թուրքիան այլեւս աշխարհիկ երկիր չէ: BFM հեռուստաալիքին տված մեծ հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Պիեռ դե Վիլյեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Էրդողանի Թուրքիան այժմ, իր իսկ հայտարարությունների համաձայն, հավատարիմ է Օսմանյան կայսրության վերականգնման ռազմավարությանը: Եվ Թուրքիան համապատասխան ռազմական ժեստերով իրականացնում է այս մանիֆեստը: Օրինակ՝ Սիրիայում քրդերի գնդակոծությամբ, Լեռնային Ղարաբաղում իրենց գործողություններով»,- նշել է բանակի գեներալը:

«Մի օր միջազգային հանրությունը եւ, մասնավորապես՝ Ֆրանսիան, պետք է վերջ դնեն դրան: Մենք չենք կարող համաձայնել, որ Թուրքիայի նման երկիրը, որի ԵՄ անդամակցության բանակցությունները դեռ պաշտոնապես չեն ավարտվել, շարունակում է նման հռետորաբանությունը եւ նմանատիպ գործողությունները, լինելով ՆԱՏՕ-ի անդամ»,- ընդգծել է Վիլյեն:

Գեներալի խոսքով՝ ներկա իրողություններում միջազգային ասպարեզում «բարեկամների» եւ «թշնամիների» հասկացությունը աղճատվել է, եւ այդ պայմաններում Ֆրանսիան հատուկ հստակ դիրքորոշման կարիք ունի նրանց կողմից, ովքեր հայտարարում են իրենց աջակցությունը ահաբեկչության եւ արմատական իսլամիզմի դեմ պայքարին:

«Թուրքիան իսլամիստներին սատարողների մեջ է: Նա ֆինանսավորել է այդ շարժումներից մի քանիսը, եւ դա լավ հայտնի է: Կարծում եմ, որ Թուրքիան այլեւս աշխարհիկ պետություն չէ, ակնհայտորեն իսլամական երկիր է: Եվ իսլամիստներից ոչ հեռու: Սա ինձ հատկապես անհանգստացնում է»,- հավելել է նա:

Ֆրանսիայի եւ Թուրքիայի հարաբերությունների վատթարացել են Միջերկրական ծովի արեւելքում իրադրության սրման ֆոնին: Փարիզը թուրքական կողմին մեղադրում է Լիբիային զենք մատակարարելու, ինչպես նաեւ Սիրիայից այնտեղ զինյալներ տեղափոխելու ՄԱԿ-ի էմբարգոն խախտելու մեջ: Այսպես, հունիսին Լիբիայի ափերի մոտ թուրքական ֆրեգատը հրաժարվել է կատարել այդ առաքելությանը մասնակցող ֆրանսիական ֆրեգատի կողմից բեռներ ստուգելու հրամանը: Բացի այդ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է Թուրքիայի գործողությունները Հունաստանի ու Կիպրոսի հանդեպ՝ դրանք որակելով որպես այդ երկրների ինքնիշխանության ոտնահարում:



loading...