ԱՄՆ-ն չի կարող անտեսել ԼՂ հակամարտությունը և պետք է դիվանագիտական առավել մեծ ջանքեր գործադրի. ամերիկացի գեներալ


ԱՄՆ-ն չի կարող անտեսել ԼՂ հակամարտությունը և պետք է դիվանագիտական առավել մեծ ջանքեր գործադրի. ամերիկացի գեներալ
Հոկտեմբեր 24 20:38 2020

Բազմաթիվ ամերիկացիների համար, որոնք տարված են նախագահական մրցապայքարով, հեշտ է բաց թողնել այս հարցը, սակայն Հարավային Կովկասում կրկին մարտերը թեժանում են Լեռնային Ղարաբաղի շուջ պայքարում: Իր խոսքն այսպես է շարադրում ԱՄՆ օդուժի՝ թոշակի անցած գեներալ, Եվրոպայում ՆԱՏՕ-ի նախկին գերագույն հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը, որի հոդվածը հրապարակվել է ԱՄՆ Ազգային հանրային ռադիոյի կայքում:

«Այն, ինչ շատ ամերիկացիներ գուցեև չհասկանան, նաև ԱՄՆ-ի ազգային շահերին է առնչվում, այդ թվում՝ Հարավային Կովկասում անկայունության ձևավորմամբ: Միացյալ Նահանգները պետք է առավել մեծ դիվանագիտական ջանքեր գործադրի՝ կանխելու աղետը»,- նշում է գեներալը՝ հավելելով, որ մեկ այլ մտահոգիչ սցենար ԱՄՆ-ի համար կարող է լինել Ռուսաստանի հավանական ներգրավվածությունը:

«Թուրքիան ռազմական աջակցությունն է ցույց տալիս Ադրբեջանին և սիրիացի վարձկանների է տեղափոխում առաջնագիծ»,- շեշտել է հոդվածագիրը:

«Եվ վերջապես, Իրանը, որը սահմանակից է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, կարող է հեշտությամբ ներքաշվել հակամարտությանը: Երեք խոշորագույն տարածաշրջանային տերությունների ներգրավումը հակամարտությանն ավելի է, քան մենք պետք է ընդունենք: Արևմուտքը դանդաղում է արձագանքելու հարցում և շատ թույլ ներգրավվածություն է դրսևորում: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն դիվանագիտորեն չի ներգրավվում տարածաշրջանում տեղի ունեցող հակամարտության կարգավորմանը՝ թուլացնելով իր դիրքերը և սահմանափակելով իրական առաջընթաց գրանցելու իր հնարավորությունը»,- նշում է հոդվածագիրը:

Վերջինս հավելել է, որ Հարավային Կովկասում հետագա լարվածության կանխումը պետք է առաջնահերթ լինի ԱՄՆ քաղաքականության մեջ:   

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 24-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 217 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6614 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 963 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։