Լիանա Ադամյան․ «Արցախի կնոջը, մորը կոտրել անհնար է։ Ես տեսել եմ այդ կանանց, ես այդ կանանցից մեկն եմ»


Լիանա Ադամյան․ «Արցախի կնոջը, մորը կոտրել անհնար է։ Ես տեսել եմ այդ կանանց, ես այդ կանանցից մեկն եմ»
Հոկտեմբեր 24 18:09 2020

Արցախից տարհանված կանայք և երեխաները շարունակում են բողոքի ցույցերը։ Հաջորդը Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակն է, որտեղ պատրաստվում են հավաքվել հոկտեմբերի 26-ին։ Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողներին հայտնեցին «Արցախի կանանց նախաձեռնող խմբի» անդամներ Լիանա Ադամյանը, Իրինա Սաֆարյանը, Սիրանուշ Սարգսյանը։ «Մենք այսպես հավաքվում ենք մեր ձայնը ներկայացնելու համար։ Եվ թո՛ղ բոլոր միջազգային, համաշխարհային կառույցների մոտ տպավորություն չստեղծվի, որ Արցախի կինը տնային տնտեսուհի է, և մենակ կարողանում է ժենգյալով հաց թխել։ Մենք մեր արժեքների կրողն ենք, մենք մեր պատմության կրողն ենք։ Յուրաքանչյուրիս ընտանիքն ունի իր պատմությունը՝ դարերով ցեղասպանվելու պատմությունը, էթնիկ զտումների պատմությունը, երբ Ադրբեջանին բռնակցվեց Արցախը խորհրդային տարիներին, իրականացվում էր ցեղասպանություն»,- ասաց Լիանա Ադամյանը։

Նա նշեց, որ Թուրքիային որպես հակամարտության կողմ չեն դիտարկում, և չեն հանդուրժելու, որ Թուրքիան մնա անպատիժ։ Նրանք պահանջում են, որ Թուրքիայի նկատմամբ կիրառվեն համապատասխան պատժամիջոցներ, սառեցվի Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։


«Արցախի կնոջը, մորը կոտրել անհնար է։ Ես տեսել եմ այդ կանանց, ես այդ կանանցից մեկն եմ, որովհետև իմ մանկությունը անցել է նկուղում։ Մենք օրերով ձյուն ենք ամբարել, որ կարողանանք ջուր սարքել խմելու համար։ Իրինան ծնվել է նկուղում, քույրս ևս, Սիրանուշի պատմությունը նույնն է։ Չասեմ՝ մեր ընտանիքներում քանի կորուստ կա, քանի սերնդով, քանի անհայտ կորած զինվոր, քանի խեղված ճակատագիր։ Ցասումը մենք թողել ենք մի կողմ։ Մենք խաղաղության լեզվով աշխարհին ուզում ենք ասել, որ Արցախում ապրում են կանայք։ Մենք ինչո՞ւ պետք է զրկված լինենք կրթության իրավունքից, ինչո՞ւ պետք է չպաշտպանվեն մեր իրավունքները։ Մենք խաղաղություն ենք ուզում, մենք խաղաղություն ենք պարտադրելու, որովհետև մենք զինակից ընկերներ ենք մեր ամուսիններին, մեր եղբայրներին, մեր հայրերին, մենք առաջնագծում ենք․ թիկունքն այսօր ևս առաջնագիծ է»,- նշեց Լիանա Ադամյանը։



loading...