Ռազմական լուծում գոյություն չունի. Թրամփի օգնականը՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման արդյունքների մասին


Ռազմական լուծում գոյություն չունի. Թրամփի օգնականը՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման արդյունքների մասին
Հոկտեմբեր 24 02:14 2020

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցով օգնական Ռոբերտ Օ’Բրայանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպումների ժամանակ հայտնել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծման բացակայության մասին և կոչ արել հարցը կարգավորել ԵԱՀԿ ՄԽ շրջանակում: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

«Ռազմական լուծում գոյություն չունի»,- ադրբեջանցի նախարարի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ նշվում է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի թվիթերյան էջում:

Օ’Բրայանի խոսքով՝ այդ զրույցի ընթացքում նա «պնդել է կրակի անհապաղ դադարեցման և հաջորդիվ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցություններին վերադառնալու», ինչպես նաև «իրավիճակի հետագա ապակայունացմանը նպաստող արտաքին ուժերի գործողություններից հրաժարվելու մասին»:

 

Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ նա նույնպես քննարկել է հրադադարի և Մինսկի խմբի շրջանակում հարցի կարգավորման անհրաժեշտության մասին: «ԱՄՆ-ն շարունակում է բոլոր մակարդակներում ձեռնարկել դիվանագիտական ամենաորոշիչ ջանքերը մինչև հակամարտության կարգավորումը»,- նշել է Օ՛Բրայենը: