Մինչ այս դաժան օրերը չգիտեի նրան, չգիտեի, որ 1-ին կուրս էր, ու ապագա ուսանողս էր լինելու , բայց ավաղ....


Մինչ այս դաժան օրերը չգիտեի նրան, չգիտեի, որ 1-ին կուրս էր, ու ապագա ուսանողս էր լինելու , բայց ավաղ....
Հոկտեմբեր 23 11:51 2020
Աղմուկի մեջ լռելու հրամայականը
19 տարեկան Մամիկոն Կասոյան, ազգությամբ՝ եզդի։ Կյանքը հանուն հայրենիքի նվիրած տղան։ Մինչ այս դաժան օրերը չգիտեի նրան, չգիտեի, որ 1-ին կուրս էր, ու ապագա ուսանողս էր լինելու , բայց ավաղ....
Չգիտեմ ինչպես ձեւակերպեմ ասելիքս՝ խնդրանք, հորդոր, ակնկալիք, բայց փորձեմ....
Ակնհայտ է, որ այս աղետի ավարտից հետո շատ բան է փոխվելու. Վերաարժեւորվելու է ամեն բան.. արժեքներ, հարաբերություններ, բարեկամ ու ոչ բարեկամ երկրներ, անգամ բառապաշար ու հագուստ... օրինակ՝ զինվորական համազգեստ ամեն մեկը չի կարող ու չպիտի կրի, «հերոս» բառը չպիտի կիրառելի լինի իր գործը պատշաճ կատարող ամեն մեկի հանդեպ: Նշաձողը շատ է բարձրացել։ Գլուխը կախ պետք է անել ինչ կարող ես ու լռել։ Լռեք ձեր ու ուրիշների արածի մասին։ Խոսեք տղաների մասին... Իրենք եւս 40, եւս 60 ու էլի թվերի կույտ չեն, իրենք Նարեկն են, Արթուրն են, Գագիկն են, Արմենն են...
Նույն կերպ էլ արդեն հստակ ուրվագծած է, թե ովքեր են միջազգային հանրություն կոչվող զանգվածի մեջ անիմաստ դատապարտողները, մտահոգվողները, հույս հայտնողները, (ԵՄ-ի ու մնացածների ականջը կանչի), իսկ ովքեր՝ իրական գործ անողներն ու օգնողները, նաեւ ովքեր են տարատեսակ ֆոնդերից փող ստացող Հայաստանը թուլացնողները, որոնք մի ակնթարթում արեւմտամետից դարձել են ռուսամետ։
Հ.Գ. Հերոսը մարդիկ են, ովքեր սահմանին են՝ կրակի տակ, զոհված, վիրավորված մեր հայրենակիցները։ Հայրենիքի պաշտպանությանը զուգահեռ մենք այսօր, այս պահին մի խնդիր ունենք՝ թույլ չտալ հայրենիքին կյանքը տված տղաները օրվա՝ հատկապես ֆեյսբուքյան աղմուկի մեջ դառնան վիճակագրություն, զոհերի «հերթական» քանակ։ Մենք պարտավոր ենք հիշել նրանց դեմքերը, կենսագրությունները, հոգ տանել նրանց ծնողների մասին, անընդհատ շնորհակալ լինել... Խնդրում եմ արեք դա ամեն օր... անկախ նրանից ճանաչել եք, թե ոչ։ Նրանք ակնհայտ դարձրին, որ հայրենասիրությունը չափելի երեւույթ է, որի սահմանը, ոչ թե տհաս ճառերն են, այլ իրենց կյանքը։ Մեզ հիմա մի քիչ լռություն է պետք՝ այս երեխեքի տված դասը նախ՝ լսելու ու իմաստավորելու, հետո արդեն՝ իրագործելու համար։
Հ.Գ. Գրառումը լրատվականների համար չէ։