Ադրբեջանական հասարակության ներսում վաղ թե ուշ պայթելու են դժգոհությունները. «Փաստ»


Ադրբեջանական հասարակության ներսում վաղ թե ուշ պայթելու են դժգոհությունները. «Փաստ»
Հոկտեմբեր 23 09:20 2020

«Արցախում ընթացող պատերազմը խոստանում է լիովին նոր իրավիճակ ստեղծել Հարավային Կովկասում։ Հայկական կողմը տրամադրված է ադրբեջանաթուրքական ագրեսիային դիմակայել մինչև հաղթական ավարտ, սակայն հարց է, թե ինչպես կարող է լինել ադրբեջանական հասարակության արձագանքը սեփական իշխանությունների արկածախնդրությանը։ Տևական պատերազմական իրավիճակը ցույց տվեց, որ Ալիևի իշխանությունը կտրված է ադրբեջանական հասարակությունից։ Դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանի ղեկավարությունը որոշում կայացրեց հենց այս օրերին արգելափակել սոցիալական ցանցերը և ինֆորմացիոն բլոկադայի մեջ պահել հանրությանը։

 

Այս իրողությունը ցուցիչ է, որ ադրբեջանական իշխանություններն ուղղակի անտեսում են հանրության կարծիքը։ Չէ՞ որ սոցցանցերն այն հիմնական գործիքներից են, որոնցով շարքային ադրբեջանցիները կարող են արտահայտել իրենց կարծիքն ընթացող պատերազմի վերաբերյալ։ Այս ամենին զուգահեռ Ադրբեջանի իշխանությունները խտրական վերաբերմունք են դրսևորում սեփական քաղաքացիների նկատմամբ։ Բաքվի բռնապետը գլխավորապես պատերազմի առաջին գիծ է մղում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ մասնավորապես թալիշներին ու լեզգիներին՝ փորձելով դրանով խաթարել նրանց գենետիկ վերարտադրությունը։ Իսկ այս իրողությունը Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների կողմից հակազդեցության առիթ է տալիս։

Նրանց շրջանում դժգոհություններ են առաջ գալիս Ալիևի վարած քաղաքականությունից, ինչպես նաև անհետանում է Ադրբեջանի համար կռվելու մոտիվացիան, եթե, իհարկե, նման մոտիվացիա եղել է ընդհանրապես։ Բացի այդ, Ադրբեջանը անարգանքով է վերաբերվում պատերազմի դաշտում ընկած իր զինվորների դիերին։ Այդ երկրի զինվորները նույնիսկ չեն արժանանում իրենց երկրում հուղարկավորվելու պատվին և վայրի կենդանիների կեր են դառնում։ Հասկանալի է, որ Ադրբեջանը չի ցանկանում վերցնել դիերը պատերազմի դաշտից, քանի որ արդյունքում կարող է լիովին ակնառու դառնալ, որ ադրբեջանական բանակի կազմում կռվում են Սիրիայից և Լիբիայից բերված իսլամական գրոհայիններ, ինչպես նաև թուրք, իսկ որոշ տեղեկությունների համաձայն՝ նաև պակիստանցի զինվորներ։

 

Միևնույն ժամանակ գաղտնի է պահվում նաև զոհվածների իրական թիվը։ Ադրբեջանական բանակն էլ իր հերթին գտնվում է թուրքական զինված ուժերի վերահսկողության ներքո։ Եվ պատահական չէ, որ սոցցանցերի ադրբեջանական տիրույթում դեռևս պատերազմի նախօրեին քննարկվում էր Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիկովի հեռացման հարցը։ Որոշ հրապարակումների համաձայն՝ պրոռուսական զինվորական համարվող Սադիկովն ուղղակի դեմ է արտահայտվել թուրք զինվորականների ներկայությանն ու ներգրավվածությանը Ադրբեջանի զինված ուժերի կազմում, ինչն էլ նրա հեռացման պատճառն է դարձել։

Եվ, բնականաբար, ադրբեջանական հասարակության մոտ հարցեր կարող են առաջանալ, թե ի վերջո ինչի՞ համար է այս պատերազմը, եթե իրենք լիովին անտեսված են, իսկ իրենց ճակատագիրը որոշելու է Թուրքիան։ Եթե սրան գումարում ենք նաև նավթի գների անկման հետևանքով երկրի ներսում առաջացած տնտեսական դժվարությունների հանգամանքը, ապա կանխատեսելի է դառնում, որ ադրբեջանական հասարակության ներսում վաղ թե ուշ պայթելու են դժգոհությունները։ Ուղղակի հայկական բանակի հաղթանակները կմոտեցնեն այդ պահը։ Իսկ թե ինչ կլինի այդ ժամանակ Ալիևի բռնապետական ռեժիմի հետ, մնում է միայն կանխատեսել։ Բայց դա արդեն իրենց գլխացավանքն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



loading...