Բանկերն իրենց հայեցողությամբ և ոչ թե պարտադրված պետք է կարողանան ներել պատերազմում զոհված կամ հաշմանդամ դարձած անձանց վարկերը. փոխնախարարի պարզաբանումը


Բանկերն իրենց հայեցողությամբ և ոչ թե պարտադրված պետք է կարողանան ներել պատերազմում զոհված կամ հաշմանդամ դարձած անձանց վարկերը. փոխնախարարի պարզաբանումը
Հոկտեմբեր 21 17:46 2020

Օրվա ընթացքում լրատվամիջոցներում եղել են տարբեր տեսակի մեկնաբանություններ, և դրանց ոգին այն է, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները պետք է ներեն ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամ դարձած անձանց վարկային պարտավորությունները: Մինչդեռ խոսքը նպաստավոր հարկային միջավայրի ստեղծման մասին է, ԱԺ նիստի ժամանակ ասաց Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

«Այն մասին, որ բանկերն ու վարկային կազմակերպություններն իրենց հայեցողությամբ, իրենց քաղաքականության շրջանակներում և ոչ թե պարտադրված լինելով՝ կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել վարկային պարտավությունները: Սա կարևոր է այն իմաստով, որ հասարակության շրջանում հանկարծ չձևավորենք չհիմնավորված սպասումներ և վարքագիծ թելադրվի, որպեսզի հետագայում բանկերի հետ լինեն հնարավոր տարակարծություններ», - պարզաբանեց փոխնախարարը:

«Ուզում եմ հստակ արձանագրենք, որ խոսքը նպաստավոր միջավայրի մասին է, հակառակ պարագայում գործնականում իրավական առումով հնարավոր էլ չէ պարտադրել քաղաքացիաիրավական կողմերից որևէ մեկին ներել մյուս կողմի նկատմամբ ունեցած պահանջի իրավունքը: Պետք է ստեծվի նպաստավոր միջավայր՝ սեփական հայեցողությամբ ու կամքով այդ քայլին գնալու համար», - նշեց նա: