Կորեացի գործարարն իր բիզնեսը տեղափոխել է Հայաստան եւ մտադիր չէ հեռանալ


Կորեացի գործարարն իր բիզնեսը տեղափոխել է Հայաստան եւ մտադիր չէ հեռանալ
Հոկտեմբեր 21 17:39 2020

ArctX-ը ծրագրային ՏՏ լուծումների միջազգային մատակարար է, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Երեւանում:

ArctX-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենը կորեացի գործարար Ռայան Քանգն է, ով որոշել է իր 15-ամյա ընկերությունն Ավստրալիայից տեղափոխել Հայաստան: Բոլոր ակտիվները Երեւան տեղափոխելու նրա երկարաժամկետ նպատակը ծրագրային ապահովման մշակման մրցակցային ընկերության ստեղծումն է եւ բարձր տեխնոլոգիական արտադրանքի տրամադրումը ձեռնարկություններին ամբողջ աշխարհում:

Ըստ Քանգի` նա Հայաստանն ընտրել է արագ աճող ՏՏ ոլորտի` պետության կողմից աջակցության, հայ մասնագետների որակի եւ բարի մարդկանց համար: Ներկայումս ArctX-ը Հայաստանում լիարժեք գործող ընկերություն է, որտեղ շուրջ 70 աշխատակից մրցակցային աշխատավարձեր է ստանում:

Չնայած COVID-19-ի եւ Արցախում շարունակվող պատերազմի պատճառով երկրում ստեղծված լարված իրավիճակին` գլխավոր տնօրենը եւ տնօրենների խորհուրդը վճռական են տրամադրված` շարունակելու ապրել եւ ղեկավարել ընկերությունը Հայաստանում: Ավելին, վերջերս ընկերությունը 15 000 դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին` հայ ժողովրդին աջակցելու եւ պատերազմի հետեւանքները վերացնելու համար:

Ընկերությունում բոլորը լավատես են այն հարցում, որ պատերազմը շուտով կավարտվի, եւ հայ զինվորները կվերադառնան տուն, եւ միասին «մենք կշարունակենք զարգացնել ընկերությունը եւ աջակցել ավելի ուժեղ Հայաստանի զարգացմանը»: