Լեւոն Արոնյանը պատրաստ է միանալ բանակին ու պաշտպանել հայրենիքը


Լեւոն Արոնյանը պատրաստ է միանալ բանակին ու պաշտպանել հայրենիքը
Հոկտեմբեր 21 00:49 2020

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հերթական անգամ բարձրաձայնել է Արցախում ընթացող պատերազմի մասին: Այս անգամ նա հարցազրույց է տվել chess24.com կայքին ու նշել, որ պատրաստ է պայքարել հանուն իր հայրենիքի: Մինչ այդ նա Նորվեգիայում մրցաշարի էր մասնակցել ու 3-րդ տեղը գրավել:

«Իմ երկիրը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից հարձակումների է ենթարկվում: Փորձում ենք պաշտպանել մեզ ու խաղաղության մեջ ապրելու մեր իրավունքը: Աշխարհի բոլոր հայերի համար սա ամենակարեւոր խնդիրն է: Վաղը վերադառնում եմ Հայաստան ու կանեմ ամեն ինչ, որպեսզի օգնեմ իմ երկրին հաղթահարել այս խնդիրը:

 

Ամեն ինչ կանեմ, ինչ կարող եմ: Եթե անհրաժեշտ լինի բանակում լինել, դա էլ կանեմ: Սեպտեմբերի 27-ից, ինչ պատերազմը սկսվել է, չեմ կարողանում նորմալ քնել ու կենտրոնանալ շախմատի վրա: 

Միեւնույն ժամանակ շատ անկաշկանդ էի խաղում, քանի որ անհանգստանում էի ընկերներիս ու ընտանիքիս համար, որոնք մասնակցում են պատերազմին, գուցե, դրա համար էլ արդյունքներս լավն էին:

Հայերով ամեն ինչ կանենք, որ գոյատեւենք: Ներկա պահին լավատեսության կամ հոռետեսության մասին չենք մտածում: Մեր պարտքի մասին ենք մտածում: 

Երկու պապերս էլ մասնակցել են պատերազմի: Պապս թողել է իր երեխաներին ու մեկնել կռվի, առանց հարցեր տալու`արդյոք դա ճիշտ է, թե ոչ: Նա գիտեր, որ պարտավոր էր այդպես վարվել: Ես էլ եմ այդպես զգում»: