Իմ զրուցընկերը Աստվածն է, մեկ էլ՝ խաչը․ ստեփանակերտցի Ռայա տատը ավերված շենքի միակ բնակիչն է


Իմ զրուցընկերը Աստվածն է, մեկ էլ՝ խաչը․ ստեփանակերտցի Ռայա տատը ավերված շենքի միակ բնակիչն է
Հոկտեմբեր 20 21:10 2020

87-ամյա Ռայա Մեսրոպյանը Ստեփանակերտում հրթիռակոծման հետևանքով  ավերված իրենց շենքի այժմ արդեն միակ բնակիչն է։

«Հարևաններն ասել են՝ դու էլ արի Երևան, ասել եմ, որ մեռնեմ, պիտի իմ տանը մեռնեմ, ես ուրիշ տեղ մեռնողը չեմ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասում է տիկին Ռայան։

Օրվա ընթացքում, երբ արևոտ է, Ռայա տատն իջնում է շենքի բակ։ Երբ թշնամին հրթիռակոծել է քաղաքը, բարեբախտաբար,  ինքը տանը չի եղել, բայց հաջորդ օրը տուն է եկել։ Հրթիռակոծությունից հետո տիկին Ռայան 5 օր շարունակ տան աղբն է թափել։ Տան պատուհանների ապակիները կոտրված են, ապակու փոխարեն վարագույր է կախել ու շարունակում է  բնակվել իր տանը։

«Իմ զրուցընկերը Աստվածն է, մեկ էլ՝ խաչը»,- ասում է Ռայա տատը ու հավելում՝ ինքը ոչնչից չի վախենում՝ Աստված է իրեն պահում։ 

Տիկին Ռայան երեխաներ չունի, ամուսինն էլ 35 տարի առաջ է մահացել. «Ես խոխա չունեմ, բայց մարդս ինձ լավ պահել է...»,- հիշում է նա։



loading...