Երևանի պայմանը Բաքվին. երբ կարող են դադարեցվել ռազմական գործողությունները


Երևանի պայմանը Բաքվին. երբ կարող են դադարեցվել ռազմական գործողությունները
Հոկտեմբեր 20 20:24 2020

Ինչպես արդեն հայտնի դարձավ, ՄԱԿ Անվտանգության խորհրդի երեկվա արտակարգ նիստում, որը հրավիրվել էր ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հայտով՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրադրությունը քննարկելու համար, քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման վերահսկման մեխանիզմների հարցը։

 Ավելի վաղ, Ռուսաստանի ԱԳ նախարարը արդեն հայտարարել էր, որ ամենամոտ ապագայում հնարավոր է, որ Երեւանն ու Բաքուն կարողանան Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնեցնել կրակի դադարեցման վերահսկման մեխանիզմները։ ի՞նչ են ենթադրում այդ վերահսկման կամ վերիֆիկացիոն մեխանիզմները, դրանք կարո՞ղ են որեւէ ազդեցություն ունենալ սահմանին լարվածության թուլացման վրա:  Ամբողջ շփման գծում պետք են ռազմական դիտորդներ, որոնք համապատասխան սարքավորումներով զինված կասեն՝ ով է խախտում զինադադարը։ Դրա մասին խոսվում էր 2016 թվականի պատերազմից հետո Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո, բայց դա չիրականացվեց, քանի որ Ադրբեջանն ասաց, որ այդ վերիֆիկացիոն մեխանիզմները պետք է տեղակայվեն ոչ թե արցախա-ադրբեջանական շփման գծում, այլ հայ-ադրբեջանական միջազգայնորեն ընդունված սահմանին։ 

Սա այն մեխանիզմն էր, որը ապրիլյան քառօրյաից հետո ընդունվել էր Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ընթացքում: Պատերազմական ակտիվ գործողություններից շատ չանցած` արդեն 2016թ. մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ կողմերը համաձայնեցին ամենակարճ ժամկետներում հաստատել ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմներ և միջոցառումներ: Նախագահները նաև համաձայնել էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը: 

 

Արդեն 2016 թվականի հունիսի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը հանդիպել էին Սանկտ Պետերբուրգում` քննարկելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: Հանրապետության նախագահները վերահաստատեցին Վիեննայում հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Այդ նպատակով նրանք համաձայնել էին մասնավորապես ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թիվը: 

Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները վերահաստատվեցին Բեռլինում հունիսի 23-ին ԵԱՀԿ Մինսկի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահ Շտայնմայերի հանդիպումով, որտեղ նույնպես ընդգծվեց և կարևորվեց ԵԱՀԿ ԳՆ անձնական ներկայացուցչի գրասենյակի անձնակազմի ընդլայնումը և հակամարտության գոտում հավելյալ միջազգային դիտորդների ներգրավումը: 
Տավուշյան վերջին ռազմական գործողությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանը սկսել է խոսել «վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգի» մասին: Մասնավորապես, հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում ՊՆ և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «պետք է ի վերջո դուրս գանք հրադադարի ռեժիմի խախտումների մասին շարունակական հայտարարությունների շրջապտույտից և պետք է հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգ ստեղծվի»: 

Այսօր էլ արդեն Արցախում ընթացող ռազմական գործողությունների ֆոնին Մինսկի Խմբի համանախագահները, միջազգային կառույցները և, իհարկե, Հայաստանը խոսում են նման վերիֆիկացիոն մեխանիզմների ստեղծման անհրաժեշտության մասին: ՄԱԿ-ը, կարծես թե, առաջարկում է, որ այդ հարցում զբաղվի ԵԱՀԿ-ն, ՌԴ-ն առաջարկում է ռազմական դիտորդներ տեղակայել հակամարտության գոտում, սակայն Բաքվից հնչող մեսիջները միանշանակ չեն: Մի բան ակնհայտ է. այսօր Ալիևը նույն հոժարակամությամբ չի ընդունելու վերը նշված մեխանիզմների ստեղծումը, ինչպես դա արել էր Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, իսկ սա նշանակում է, որ մեր ռազմական և դիվանագիտական ջանքերը պետք է քառապատկվեն… 



loading...