Արցախում զոհված Ռուստամ Գասպարյանին և որդուն հողին հանձնեցին հայրենի Ջանֆիդա գյուղում (լուսանկարներ)


Արցախում զոհված Ռուստամ Գասպարյանին և որդուն հողին հանձնեցին հայրենի Ջանֆիդա գյուղում (լուսանկարներ)
Հոկտեմբեր 19 16:35 2020

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին Արմավիրի մարզի հայրենի Ջանֆիդա գյուղի գերեզմանատանը զինվորական կարգով՝ Հայաստանի օրհներգի և պատվո համազարկի ներքո հողին հանձնեցին Արցախում զոհված նախկին պատգամավոր, ազատամարտիկ, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանին և նրա ավագ որդուն՝ Ռաֆայել Գասպարյանին։

Պատերազմի երկրորդ օրը 59–ամյա Ռուստամ Գասպարյանը որդու հետ կամավոր մեկնել էր ռազմաճակատ։

Հոկտեմբերի 16-ին հայտնի էր դարձել, որ նախօրեին Ռուստամ Գասպարյանը գլխի շրջանում ծանր վիրավորում է ստացել, իսկ որդին՝ զոհվել։ Ռուստամ Գասպարյանին նույն գիշերը Արցախում վիրահատել էին, ապա տեղափոխել Գորիս, իսկ ավելի ուշ Երևան։ Նրա վիճակը գնահատվում էր կայուն ծանր։

Բժիշկները մեկ օր պայքարում էին Ռուստամ Գասպարյանի կյանքի համար, սակայն նրա կյանքը փրկել չհաջողվեց։

Ըստ տեղեկությունների՝ Արցախում թշնամու անօդաչուն հարվածել էր Ռուստամ Գասպարյանի մեքենային, նրա  29-ամյա որդին տեղում մահացել էր:

Ռուստամ Գասպարյանը երկու գումարման խորհրդարանների պատգամավոր էր, Արցախյան առաջին պատերազմի մասնակից, Հայաստանի և Արցախի Արիության մեդալի շքանշանակիր:

Ռուստամ Գասպարյանը ծնվել էր 1961թ. ապրիլի 11-ին Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում։ 2007-2012թթ.` նա Ազգային ժողովի պատգամավոր էր ընտրվել։ 2012թ. մայիսի 6-ին Ռուստամ Գասպարյանը Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, ապա 2015թ․-ին կուսակցությունից դուրս գալու դիմում գրել։ Նա 2019թ․-ի ապրիլին ընտրվել էր ԵԿՄ վարչության անդամ։

Լուսանկարները՝ News.am-ի

 

 

 



loading...