Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարում է


Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարում է
Հոկտեմբեր 15 11:29 2020

«Իսրայելը խորապես ցավում է զոհերի եւ վիրավորների համար, որ շարունակվող հակամարտությունը պատճառում է երկու կողմերին, մենք հույս ենք հայտնում, որ հրադադարն ուժի մեջ կմտնի եւ կկանխի հետագա արյունահեղությունը:

Մենք մեծապես արժեւորում ենք Հայաստանի հետ մեր կապերի շարունակումը եւ բարելավումը, եւ մեզ համար կարեւոր է տեսնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունը շարունակվի եւ միջազգային հանրության ներգրավմամբ տանի կայուն հանգուցալուծման»,- հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը։

Ինչո՞ւ այսպիսի հայտարարություն այս օրերին, ինչպե՞ս է այն ծնվել եւ ինչո՞ւ է ուղարկվել մեզ: Մեր մտադրութունը ոչ թե Իսրայելի ԱԳՆ-ից դիրքորոշում ստանալն էր, այլ հարցազրույց վերցնելը: Ընդ որում շատ գոհ էինք, որ համաձայնեցին հարցազրույց տալ եւ ոչ թե Հայաստանում Իսրայելի դեսպանը, այլ Իսրայելի ԱԳՆ-ի երկրորդ Եվրասիական դեպարտամենտի տնօրենը, ով համակարգում է Իսրայելի հարաբերությունները Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ: Ներկա տնօրենը Իցխակ Կարմել-Կագանն է, ում էլ ուղարկեցինք մեր գրավոր հարցերը:

Մեզ հավաստիացրել էին, որ կպատասխանեն, սակայն հարցերը տեսնելուց հետո, հաջորդ օրը Իսրայելի ԱԳՆ-ի փոխխոսնակը գրություն ուղարկեց, թե ներկա պահին հարցազրույց տալ չեն կարող, այս պահին միայն վերը մեջբերված հայտարարությունը կարող են անել:  Իսկ թե ինչ հարցեր էինք ուղարկել եւ ինչու պատասխան չստացանք՝ մանրամասները վաղվա համարում:

Hraparak.am