Երևանում վթարի է ենթարկվել լուսային, ձայնային ազդանշանները միացրած, վիրավոր զինվորին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան


Երևանում վթարի է ենթարկվել լուսային, ձայնային ազդանշանները միացրած, վիրավոր զինվորին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան
Հոկտեմբեր 2 23:52 2020

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում բախվել են շտապօգնության և Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապօգնության ավտոմեքենան պատկանում է Քաջարանի բժշկական կենտրոնին, և բժիշկները Երևանի հիվանդանոցներից մեկն էին տեղափոխում վիրավոր զինվորի: Բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան ի վիճակի չէր առաջ ընթանալու և ժամանած մի քանի շտապօգնության ավտոմեքենաներից մեկի բժիշկները, որոնց ավտոմեքենան հագեցած էր թթվածնային պարագաներով, քաղաքացիների օգնությամբ տեղափոխեցին վիրավորին նշված շտապօգնության ավտոմեքենա, ինչից հետո ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ հերոս զինվորին տեղափոխեցին «Աստղիկ» բժշկական կենտրոն: Մինչ շտապօգնության ավտոմեքենաների ժամանումը, քաղաքացիները փորձում էին նույնիսկ վթարված շտապօգնության ավտոմեքենան հրելով հասցնել հիվանդանոց, որպեսզի հնարավոր լինի վայրկյան առաջ վիրավորին հասցնել հիվանդանոց:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ իրենք տեսել են, որ վթարված շտապօգնության ավտոմեքենան միացրած է եղել ձայնային և լուսային ազդանշանները, իսկ Hyundai Elantra-ի վրայից համարանիշները հանել էին: Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը, տեղեկանալով վթարի մասին, այն փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակ, որտեղից գումարտակի հրամանատար Վահան Էվինյանի կարգադրությամբ շտապօգնության մի քանի խմբեր են մոտեցել դեպքի վայր: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 



loading...