«Պայքար Ղարաբաղի համար. ինչի՞ են ձգտում Հայաստանն ու Ադրբեջանը». Gazeta.ru-ի անդրադարձը


«Պայքար Ղարաբաղի համար. ինչի՞ են ձգտում Հայաստանն ու Ադրբեջանը». Gazeta.ru-ի անդրադարձը
Սեպտեմբեր 30 21:12 2020

Անդրադառնալով ԼՂ հակամարտության շուրջ զարգացումներին ու կարգավորման հավանական ուղիներին՝ Gazeta.ru-ն ներկայացրել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասյան հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Վադիմ Մուխանովի կարծիքը ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Վերջինս անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հավանականության մասին՝ նշելով, որ նման պայմաններում դա օրինական է, սակայն հավելել է, որ նման հայտարարություններն աննախադեպ չեն. նախկինում ևս խոսվել է այդ տարբերակի մասին, սակայն ոչինչ չի արվել:

«Հայկական միջավայրում հետագա զարգացման երկու հիմնական տարբերակ է դիտարկվում. մի խումբը կոչ է անում անհապաղ ճանաչել Ղարաբաղի անկախությունը, իսկ մյուսն առաջարկում է շրջանը ներառել Հայաստանի կազմում: Սակայն, ամենայն հավանականությամբ, այդ սցենարներից ոչ մեկն էլ չի իրականանա, դրա հավանականությունը քիչ է»,- նշել է փորձագետը:

Նրա կարծիքով՝ Հայաստանի նպատակներից մեկը ստատուս-քվոյին վերադառնալն է, որը գործում էր մինչև հակամարտության սրումը, քանի որ հետագայում առավել դժվար կլինի վերադառնալ նախալարվածության իրավիճակին:

Խոսելով Բաքվի նպատակների մասին՝ փորձագետը շեշտել է, որ դրանք գրեթե տրամագծորեն հակառակն են, իսկ քաղաքական վերնախավի ներկայացուցիչների խնդիրները համընկնում են: «Դժվար թե Ադրբեջանը պատրաստվում է պահպանել ստատուս-քվոն, այլ ավելի շուտ բացահայտ տրամադրվածություն է ցուցաբերում 32-ամյա հակամարտությունն իր օգտին լուծելու համար»:

Մուխանովի կարծիքով՝ Ադրբեջանը Ղարաբաղում հակամարտության սրման է գնացել մեծամասամբ Թուրքիայի կողմից ստացվող աջակցության շնորհիվ: «Ընդհանուր առմամբ, իրավիճակը նախապես ծրագրված գործողության է նմանվում»,- ընդգծել է փորձագետը:  

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 84 անօդաչու թռչող սարք, 169 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, մեկական «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 920 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2100 վիրավոր։

Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 80 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։
Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Մարտակերտում՝ 3 մարդ, 2–ը՝ Մարտունի քաղաքում (տատ ու թոռ):

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։