«Պատերազմը դառնահամ ունի. կորցրած մանկության, կիսատ մնացած հույզերի եւ երազանքների... անդառալիորեն կորցրած ժամանակի դառնահամ, բայց…». Նազենի Հովհաննիսյան


«Պատերազմը դառնահամ ունի. կորցրած մանկության, կիսատ մնացած հույզերի եւ երազանքների... անդառալիորեն կորցրած ժամանակի դառնահամ, բայց…». Նազենի Հովհաննիսյան
Սեպտեմբեր 30 20:50 2020

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառմամբ անդրադարձել է Արցախի սահմանին ծավալվող իրադարձություններին։ Նազենին վստահություն է հայտնել՝ հաղթելու ենք։

«Պատերազմը դառնահամ ունի. կորցրած մանկության, կիսատ մնացած հույզերի եւ երազանքների... անդառալիորեն կորցրած ժամանակի դառնահամ:

Բայց երեւի գերադասելի է պատերազմը` բոլոր հարցերի վերջնական լուծումներով, քան կիսագո ու թերի «խաղաղությունը», որը դանդաղորեն մաշեցնում է մարդկանց ու կյանքերն իրենով անում:

Մենք ատում ենք պատերազմը, բայց հնարավոր է, որ հենց պատերազմի ատելությունն էլ օգնի մեզ հաստատել ուժեղ, լիարժեք ու մեր Երկրի լիակատար անվտանգությունն ապահովող խաղաղությունը` ապրելու, ստեղծագործելու եւ զարգանալու հստակ հեռանկարով: Ի վերջո Հայաստան աշխարհի որեւէ բնակչի համար չկան տարածքներ, կա Հայրենիք, որտեղ ամեն անկյունում քո կյանքն ես դրել: Չկան վարձկան կռվողներ, կա անհատը` կոնկրետ ընտանիքից դուրս եկած ու աննկուն կամքով, իր որոշմամբ ու սիրով: Չկան ընդհանուր աշխարհաքաղաքական դրույթներ. կա հստակ Հայրենապաշտություն ու հայրենքը պաշտպանելու եւ վերջապես ազատագրելու գերնպատակ:

Քրիստոնյան իր խաչի տերն է... եւ այսօր Հայոց երկրի դրոշի եւ խաչի ներքո հավաքվել են բոլորը, ովքեր հայ են անկախ ազգությունից, ովքեր խաչակիր են անկախ դավանանքից եւ ովքեր արդեն հաղթող են` անկախ «աշխարհի» արձագանքից:

Լուսանկարը` Ստեփանակերտի նկուղներից մեկում պատսպարված, անպարտելի ոգով առաջնագծում իրենց հայրերին ու մայրերին չզիջող Արցախցի ձագուկներն են»,- գրել է նա։



loading...