Երբեք չսպասեք, որ հանկարծ ՀՀ-ն կպարտվի, սա մեր վերջին կռիվն է․ Սասուն Միքայելյանը դիմել է Ադրբեջանի ղեկավարությանը (տեսանյութ)


Երբեք չսպասեք, որ հանկարծ ՀՀ-ն կպարտվի, սա մեր վերջին կռիվն է․ Սասուն Միքայելյանը դիմել է Ադրբեջանի ղեկավարությանը (տեսանյութ)
Սեպտեմբեր 27 19:44 2020

Այս պատերազմն այդ հանրաքվեն է, մեր հաղթանակը հենց այդ հանրաքվեն է, հանրաքվե պետք չի անցկացնել: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով Արցախում հանրաքվե անցկացնելու և վերջինիս՝ Հայաստանին միանալու վերաբերյալ պատգամավորների դիտարկումներին։

Նա նկատեց, որ Ադրբեջանի կողմից ռմբակոծությունը եղել է խաղաղ բնակչության վրա և սա այն ձեռագիրն է, որ ադրբեջանցիներն արեցին 1990-ական թվականներին: Սասուն Միքայելյանը նշեց, որ նախորդ պատերազմը եղել է անհավասար՝ թե՛ մարդկային թվաքանակի, թե՛ զինտեխնիկայի առումով: «Ուզում եմ դիմել Ադրբեջանի ազգաբնակչությանը, ղեկավարությանը․ երբեք չսպասեք, որ հանկարծ Հայաստանի Հանրապետությունը կպարտվի, սա մեր վերջին կռիվն է, որը փառքով ենք տալու, մեր ու մանուկ, ամբողջ ազգով կանգնելու ենք և հաղթելու ենք: Ուզում եմ բոլորս գիտակցենք, որ սա լուրջ պատերազմ է, որ մենք պետք է համախմբված կարողանանք դիմակայել և հաղթել»,-ասաց նա:

Նա կոչ արեց բնակչությանը, կուսակցություններին, մարտական ընկերներին, տարբեր հայացքների տեր մարդկանց համախմբվել: Նա նկատեց, որ Ադրբեջանը լավ գիտի, որ հայը համախմբված ժամանակ երբեք չի պարտվի։ «Մի տեսակ բնական է, որ հարձակվող կողմը միշտ ուժեղ է եղել, և այսօր եթե ինչ-որ տեղ դիրքային զիջումներ ենք ունեցել, երբեք թող ոչ մեկի չընկճի, ես գնահատում եմ, որ մենք ամուր ենք կանգնած: Եթե իրենք չգտնեին, որ ուժեղ են, չէին հարձակվի: Մենք Մարտակերտն էլ ենք տվել, մեկ տարի հետո հետ ենք վերցրել»,-ասաց նա և մեջբերեց Սպարապետի կոչը մահապարտներին:

«Այս պատերազմով մենք վերջնական կհաղթենք և բոլորի հարցերի լուծումը կտա այս պատերազմը: Մենք ոչ մի թիզ հող չունենք տալու, Ադրբեջանի ձեռքով Թուրքիան իր խնդիրն է լուծում, եթե մենք չկանգնենք այս պատերազմի դեմ, մենք գնալու ենք նորից ցեղասպանվելու»,-ասաց նա: Նա որպես ԵԿՄ նախագահ ասաց, Երկրապահների կամավորների միությունը պատրաստ է: