ԲՀԿ-ն առաջարկում է այս պահից սկսած համարել Արցախի ճանաչման գործընթացը. Նաիրա Զոհրաբյան


ԲՀԿ-ն առաջարկում է այս պահից սկսած համարել Արցախի ճանաչման գործընթացը. Նաիրա Զոհրաբյան
Սեպտեմբեր 27 19:15 2020

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջարկում է հենց այս պահից սկսած համարել Արցախի ճանաչման գործընթացը։ Այս մասին ԱԺ իրավունքի ուժով հրավիրված հատուկ նիստում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա նախ նշեց, որ իրեն չի բավարարում միջազգային կառույցների դիվանագիտական ձևակերպումները և կողմերի միջև պարբերաբար հավասարության նշան դնելու գործելաոճը: «Մենք՝ եվրոպական կառույցներում, դիվանագիտական հարթակներում աշխատող պատգամավորներս, այս պահից և առավոտից սկսած պետք է միջազգային հանրությանը ներակայացնենք, որ դիվանագիտական բալանսը մշտապես պահող այդպիսի հայտարարություններով շատ դեպքերում նրանք հանցակից են դառնում նրան, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին բացահայտ պատրաստվում էր պատերազմի»,- ասաց պատգամավորը:

Նա ընդգծեց, որ անիմստ է քննարկել Ադրբեջանի քաղաքական էլիտայի ադեկվատության խնդիրը և անիմաստ է հուսալ, որ մոտ տարիներին Թուրքիայում և Ադրբեջանում կլինի ադեկվատ քաղաքական էլիտա: «Նրանք այնպես են թունավորել իրենց հասարակություններին ատելությամբ, որ մտածել՝ առաջիկա տարիներին  ունենալու ենք այնպիսի քաղաքական էլիտա այդ երկու երկրներում, որոնց հետ հնարավոր է լինելու նստել խաղաղ բանակցություների և գնալ ադեկվատ քննարկումների և փոխզիջումների, միֆ է»,- ասաց նա և հավելեց․ «Ընդունենք, որ տարիներ շարունակ մենք մեզ խաբել ենք»։

Զոհրաբյանը հավելեց, որ ինքը 13 տարի պատգամավոր է և 13 տարի ասել են՝ չքննարկենք Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցը և հետաձգենք Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի հարցը, որովհետև դա կարող է ավելի սրել իրավիճակը: «Եկեք լինենք անկեղծ, այսօր, այս պահին, հենց հիմա պատերազմ է, մենք չգիտենք՝ ինչ է լինելու մեկ ժամ հետո, վաղը: Արդրբեջանը խախտել է, թքել է բոլոր միջազգային պայմանագրերի վրա՝ չհարձակվելու քաղաքացիական բնակչության, քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, էլ ի՞նչ պետք է անի Ադրբեջանը, որ մենք հարգենք միջազգային հանրության տեսակետը, էլ ի՞նչ պետք է անի, ինչ-որ կարող էր, արել է և շարունակելու է անել, ես որպես ԲՀԿ ներկայացուցիչ, առաջարկում եմ հենց այս պահին համարել սկսած Արցախի ճանաչման գործընթացը»,- հայտարարեց նա:

Զոհրաբյանը շեշտեց. «Այսօր ուժեղների դար է, մենք հոգնել ենք այդ դավթարները գրկած, միջանցքներում, որտեղ եվրոպացի պատգամավոր տեսնենք, ասենք մի հատ արի նայիր էս մորթված նկարին: Չէ, բավական է, չի կարելի, որովհետև մենք գործ ունենք մի թշնամու հետ, որի հետ խոսել խաղաղության լեզվով հնարավոր չէ: Այդ մարդիկ այդ լեզուն չեն հասկանում: Այսօր մենք ունենք մեկ թշնամի, դա Ադրբեջանն է Թուրքիայի հետ, միջազգային հանրությունը պետք է գնահատական տա Թուրքիայի մասնակցությանն այս գործընթացին: Արցախի Հանրապետության հարցի քննարկումը պետք է համարվի մեկնարկած»:



loading...