Թուրքիան քաջալերում է Արցախում Ադրբեջանի գործողությունները. միջազգային հանրությունը պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկի. Նիկոլ Փաշինյան


Թուրքիան քաջալերում է Արցախում Ադրբեջանի գործողությունները. միջազգային հանրությունը պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկի. Նիկոլ Փաշինյան
Սեպտեմբեր 27 18:54 2020

Ազգային ժողովում  այսօր կայացած արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, արդյո՞ք սփյուռքում գտնվող և մարտերին մասնակցելու պատրաստակամություն հայտնած մեր հայրենակիցներին Հայաստան տեղափոխելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են, թե ոչ:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կրոնավիրուսով պայմանավորված՝ կոմունիկացիոն խնդիրներ կան, բայց ամբողջ հայկական և սփյուռքի ներուժը պետք է օգտագործել: Նրա խոսքով՝ միջազգային հանրությանը պետք է շատ հստակ կարողանալ հիմնավորել , թե ո՞վ է նախահարձակ կողմը։

«Բոլոր խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերը, հասարակական կազմակերպությունները, անհատները, սփյուռքի կազմակերպությունները և անհատները սոցիալական ցանցերով պետք է այս ինֆորմացիան տեղ հասցնենք: Երկրորդ՝ կարևոր ինֆորմացիան, այն է, որ ադրբեջանական զինուժը քաղաքացիական բնակչության հանդեպ  հարվածներ է հասցնում և  երրորդ՝ այս պրոցեսը քաջալերվում է Թուրքիայի կողմից, և միջազգային հանրությունը պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկի Թուրքիայի հետագա ապակայունացնող գործողությունները զսպելու համար: Սա շատ կարևոր փորձություն է մեր համահայկական ներուժի համար»,– ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական զինուժն Արցախում լայնածավալ հարձակում է սկսել։ Նախնական տվյալներով` հայկական կողմն ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր։ Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա։ Ադրբեջանական կողմը նույնպես ունի մարդկային կորուստներ։ Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն, ռազմական գործողությունները շարունակվում են։