Շիրակի մարզում պետական մակարդակով բիզնե՞ս են խլում. ո՞ւմ անուններն են շրջանառվում այդ գործընթացում


Շիրակի մարզում պետական մակարդակով բիզնե՞ս են խլում. ո՞ւմ անուններն են շրջանառվում այդ գործընթացում
Սեպտեմբեր 26 23:45 2020

Շատերը կհիշեն, որ նախորդ իշխանությունների օրոք, այսօր արդեն իշխանական պատգամավորներն ու մեծ ու փոքր տրամաչափի ընդդիմադիր գործիչներ ամեն պատեհ-անպատեհ առիթներով հայտարարում էին, թե ՀՀԿ-ական պատգամավորներն իրենց պատգամավորական մանդատներն օգտագործում են զանազան բիզնես հարցեր լուծելու նպատակներով:

Տարօրինակ է, սակայն 168.am-ին  հասած տեղեկություններով՝ դրանից այսօր չեն խորշում «Իմ քայլ»-ական պատգամավորներն ու նույնիսկ ամենավերին օղակներում հանգրվանած պաշտոնյաները: Ավելին, մեզ ասացին, որ այդ մանդատն ու դիրքը օգտագործում են նաև ուրիշի բիզնեսը խլելու նպատակով:

Իսկ հիմա՝ ըստ էության:

168.am-ին Շիրակի մարզի մեր մերձիշխանական աղբյուրները տեղեկացրեցին, որ Ամասիայի տարածաշրջանում՝ Ախուրյան գետի վրա, կառուցված են թվով 3 ՀԷԿ-եր: Մեկն էլ շատ վաղուց փորձում է կառուցել ԲՀԿ-ական պատգամավոր, նախկինում Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցրած Վարդևան Գրիգորյանը:

Ըստ մեզ հասած լուրերի՝ իշխանափոխությունից առաջ այդ ՀԷԿ-երից մեկը՝ «Անի» ԲԲԸ ՀԷԿ-ը, միշտ եղել է առաջատար դիրքերում: ՀԷԿ-երից մեկն էլ ՇՊՀ կրկին նախկին ռեկտոր, ՀՀԿ մարզային կառույցի նախկին ղեկավար Սահակ Մինասյանին է պատկանում, և վերջինս մտածում է, որ իր ՀԷԿ-ի համար ջուրը չի բավարարում հենց «Անի» ՀԷԿ-ի պատճառով:

Արդեն իսկ իշխանափոխությունից հետո, օգտվելով այն հանգամանքից, որ Անի» ՀԷԿ-ի սեփականատերն աչքի է ընկնում իր ընդդիմադիր հայացքներով, Սահակ Մինասյանը որոշում է համագործակցել գործող «հեղափոխական» իշխանությունների հետ, փակել տալ «Անի» ՀԷԿ-ի ջրերը, որպեսզի իր ՀԷԿ-ն աշխատի:

Ըստ Գյումրիում տարածված լուրերի՝ Սահակ Մինասյանի բիզնես ծրագրերում ակտիվ ներգրավվածություն ունի ԱԺ իմքայլական պատգամավոր, «Ցայգ» հեռուստաընկերության սեփականատերերից մեկի՝ Մարգարիտա Մինասյանի դուստրը՝ Նազելի Բաղդասարյանը, այն Մարգարիտա Մինասյանի, ով փորձում էր ՀՀԿ-ականների հետ իր ենթադրյալ կապերը շահարկելով՝ դառնալ Գյումրու դրամատիկական թատրոնի ղեկավար, ինչպես իրենք՝ թատրոնի դերասաններն էին նշում, իսկ հեղափոխությունից օրեր առաջ էլ դիմում էր գրել ՀՀԿ շարքերը համալրելու համար:

Ի դեպ, «Ցայգի» մյուս սեփականատեր Արթուր Ղանդիլյանը, ըստ մեզ հասած լուրերի, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, այժմ այս իշխանությունների հետ բավականին սերտ կապեր հաստատած Արման Սահակյանի մտերիմն է, ով նրա երեխաների կնքահայրն է: Սահակ Մինասյանն էլ, իր հերթին՝ մտերիմ է և Արթուր Ղանդիլյանի, և Նազելի Բաղդասարյանի հետ: Ահա այսպիսի հետաքրքիր տանդեմով են գործում, ըստ Գյումրիի մեր աղբյուրների, Նազելի Բաղդասարյանի քավոր, Շիրակի մարզի մաքսային կոմիտեի նախկին պետ Կարեն Մանուկյանի միջոցով:

Այժմ, ըստ Գյումրիում տարածված տեղեկությունների, Սահակ Մինասյանը Արթուր Ղանդիլյանի և Կարեն Մանուկյանի միջոցով գործարք է առաջարկել Նազելի Բաղդասարյանին, որի համաձայն՝ իրենք փակում են «Անի» ՀԷԿ-ը, ջուրն ուղղվում է  դեպի Սահակ Մինասյանի ՀԷԿ, ու քանի որ վերջինս ահռելի պարտքեր ունի, ինքը այդ ՀԷԿ-ից փայաբաժիններ է խոստացել տարբեր մարդկանց:

«Ես չգիտեմ՝ Նազելի Բաղդասարյանը տեղյա՞կ է այդ ամենից, թե՞ ոչ, սակայն Սահակ Մինասյանն էլի մարդկանց է փայաբաժիններ առաջարկել, բայց պարտքերը փակելուց հետո: Իսկ պարտքերն ահռելի են, միայն ID բանկը 138.000 դոլարի դատական հայց է ներկայացրել նրա դեմ ու շահել, ու նրանք չեն էլ գլխի ընկնում, որ Սահակ Մինասյանն ուղղակիորեն գցում է իրենց: Նրանց ձեռքով փակել է տալիս ուրիշի ՀԷԿ-ը, աշխատեցնում իրենը, որ այդ պարտքերը փակի, հետո իրենց փայաբաժինները տա, ու դրա համար Նազելի Բաղդասարյանը լծվել է «Անի» ՀԷԿ-ի փակման գործընթացին: Գյումրիում ասում են, որ Սահակ Մինասյանի պարտքը 700.000-ից մինչև 1 միլիոն դոլարի է հասնում»,- ասաց մեր աղբյուրը՝ հավելելով, որ պատգամավորն այդ գործընթացին խառնել է նաև իր մտերիմ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, ով նրա թիվ մեկ հովանավորն է: Նազելի Բաղդասարյանը, ի դեպ, հավակնում է նաև մյուս տարի մասնակցել ՏԻՄ ընտրություններին ու դառնալ Գյումրիի քաղաքապետ, ինչի համար հիմա պայքար է մղում ՔՊ-ական մյուս թեկնածուների դեմ:

Մեզ ասացին նաև, որ Նազելի Բաղդասարյանը Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հետ փորձ է անում ապօրինաբար փակել «Անի» ՀԷԿ-ի ջրերը, և այդ ամենում ներգրավված են նաև ՀՀ Ջրպետկոմի նախագահ Կարեն Սարգսյանը և նրա անմիջական վերադաս, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Այս ամենում ներգրավվածություն ունի նաև ԲՀԿ-ական պատգամավոր Վարդևան Գրիգորյանը, որին ժամանակին Սահակ Մինասյանն ամեն ինչ արեց, որ ազատեն ՇՊՀ ռեկտորի պաշտոնից, իրեն նշանակեն, ու հասավ դրան: Սահակ Մինասյանը տարբեր լրջագույն հանցագործությունների մեջ էր մեղադրում Վարդևան Գրիգորյանին: Այսօր, սակայն, այս երկուսը միասին են պայքարում «Անի» ՀԷԿ-ի դեմ, որը պատկանում է այսօր իր ընդդիմադիր հայացքներով աչքի ընկնող, գեներալ Մանվել Գրիգորյանի նախկին օգնական Մեսրոպ Մանուկյանի հորը՝ Գևորգ Մանուկյանին»,- ասաց Գյումրիի մեր աղբյուրը:

Այս լուրերի իսկությունը ստուգելու համար 168.am-ը կապ հաստատեց «Անի» ՀԷԿ-ի սեփականատեր Գևորգ Մանուկյանի հետ, ով ըստ էության հաստատեց մեր տեղեկությունները:

«Բնապահպանության նախարարը նամակ է գրել Սուրեն Պապիկյանի ենթակայությամբ գործող Ջրպետկոմին, որում նշել է, որ ՀԷԿ-երի միջև առկա է խնդիր»,- ասաց Գևորգ Մանուկյանը՝ հավելելով, որ այդ ՀԷԿ-երը պատկանում են Սահակ Մինասյանին, Վարդևան Գրիգորյանին և Գևորգ Գասպարյանին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։