Ծառուկյանի խափանման միջոցի հարցով դատական նիստի մասին կողմերին ծանուցել են ԱԱԾ ավագ օպերլիազորները. պաշտպան


Ծառուկյանի խափանման միջոցի հարցով դատական նիստի մասին կողմերին ծանուցել են ԱԱԾ ավագ օպերլիազորները. պաշտպան
Սեպտեմբեր 25 13:44 2020

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով դատական նիստի մասին կողմերին ծանուցել են ԱԱԾ ավագ օպերլիազորները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպաններից Երեմ Սարգսյանը։

«Մնացական Մարտիրոսյանը ստանալով գործը, հասկանալով, որ ամսի 23-ին չի կարող պատշաճ ձեւով ծանուցումներ ուղարկել փոստային առաքման միջոցով չի հասնի տեղ։ Արագությունն այնքան պարտադիր էր իրենց համար, որ նշանակեց ամսի 23-ին, 23-ի նիստը հետաձգվելուց հետո էլ որոշվում է, որ ԱԱԾ օպերատիվ աշխատակիցների միջոցով ամսի 25-ի համար տեղ հասցվեն։ Երեւի այս մարմնի ֆունկցիան այդքան էլ լավ չեն պատկերացնում։ ԱԱԾ աշխատակիցները դատարանի աշխատակազմի փոխարեն ծանուցագրեր է բաժանում»,- ասաց Սարգսյանը։

Պաշտպաններից Սամվել Դիլբանդյանն էլ ասաց, որ իրենց դեռեւս Վճռաբեկ դատարանի որոշումը չեն ստացել. «Մենք մերժման որոշումը չենք ստացել, իսկ առաջին ատյանի դատարանն արդեն նիստ է նշանակել։ Այս ամենի արդյունքում խախտվել է անձի արդար դատաքննության իրավունքը։ Եթե առաջին ատյանի դատարանն ինքնաբացարկ չհայտնի, ապա նշանակում է, որ ինքը լեգիտիմ դատարան չի»։

Երեմ Սարգսյանը շեշտեց, որ այս գործընթացի շտապողականության նպատակը Ծառուկյանին կալանավորելն է։