Օրեր առաջ «Շենգավիթ» ԲԿ-ում մահացած ծննդկանի նորածին աղջկան դիմավորում են փուչիկներով ու ծափերով: Երեխային այսօր դուրս գրեցին հիվանդանոցից:
Սեդայի ամուսինն ասում է՝ այս ողբերգությունն անզգուշության ու անփութության հետևանք է: Ամուսնու ընկերը` Հովհաննեսը, հիշում է կատարվածը` բոլոր մանրամասնություններով: Ինչ ոգևորությամբ են սպասել փոքրիկի ծննդին, ինչպես է Սեդայի վիճակը վատացել, ու ինչ է ասել բժիշկն իրենց:
«Ներարկում են արել Սեդային, ինչից հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Մենք մի քանի ժամ զանգում էինք, մեզ չէին պատասխանում: Հետո նորից զանգեցինք ու մեզ ասացին, որ Սեդայի վիճակը ծանր է: Բժիշկն էդ ժամանակ հարցրեց՝ ալերգիա ունի՞ հակաբիոտիկից: Մենք հասկացանք, որ հակաբիոտիկ են ներարկել ու Սեդան կյանքի ու մահվան կռիվ է տալիս» - պատմում է Սեդայի ամուսնու ընկերը՝ Հովհաննես Հարությունյանը:
Հարազատների խոսքով՝ դատաբժշկական փորձաքննության արդյունքներն արդեն պարզ են, Սեդան մահացել է ներարկումից: Սեդայի հարազատները սլաքներն ուղղում են բժիշկների կողմը՝ դատաբժշկական փորձաքննության հայտնի արդյունքներով: «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալն էլ նախ իր ցավակցությունն է հայտնում Սեդայի ընտանիքին, հետո հերքում բոլոր մեղադրանքները, ասում է՝ Սեդային ներարկել են այլ խմբի հակաբիոտիկ, իսկ անաֆիլակտիկ շոկը անկանխատեսելի երևույթ է:
Գրիգոր Աբրահամյանի փաստաբան Նարեկ Ալոյանը գործի նախաքննությանը չվնասելու համար ներկայացնում է միայն փաստեր, որոնք հստակ են ու անհերքելի:
«Հիմա փաստացի ունենք 2 գործողություն, որին ակնկալում ենք իրավական գնահատական, առաջինը՝ 2020-ի փետրվարից մինչև 2020-ի սեպտեմբերը տեղյակ լինելով, որ անձը հակաբիոտիկներից ալերգիա ունի, չեն ընտրել համապատասխան հակաբիոտիկ, և երկրորդը համապատասխան իրավիճակում անտիբիոտիկ ներարկելն է, որը առաջացրել է ռեակցիա» - ասում է փաստաբան Նարեկ Ալոյանը:
Հարուցվել է քրեական գործ: Ներկայացվել է միջնորդություն՝ կոնկրետ անձին որպես մեղադրյալ ներգրավվելու ու նրան մեղադրանք առաջադրելու մասին:
Մանրամասները՝ տեսանյութում