Միսն ուտելիս դուրս չեկավ․ պատմում է սննդից թունավորված՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բուժաշխատողը


Միսն ուտելիս դուրս չեկավ․ պատմում է սննդից թունավորված՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բուժաշխատողը
Սեպտեմբեր 22 22:40 2020

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բուժաշխատողները, որ սննդային թունավորման ախտանշաններ էին ունեցել  «Արտ Լանչ»-ի սննդից, ճաշին աղցան, մակարոն եւ միս են կերել։

«Մազմզուկային միս էր, որը, չեմ հասկանում, կարող էր եւ պահածոյացված, եւ թարմ լինել, չեմ կարող ասել, բայց այն, որ միսն ուտելիս դուրս չեկավ, դա հաստատ։ Տհաճ թվաց, ուղղակի մտածեցի՝ երեւի սնունդը պարզապես դուրս չեկավ, ուշադրություն չդարձրի»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց հիվանդանոցի անհետաձգելի ընդունարանի բաժանմունքի վարիչ Կարեն Տոնոյանը։ 

Սեպտեմբերի 19-ի ճաշից հետո Կարեն Տոնոյանի եւ եւս 3 տասնյակ բուժաշխատողի մոտ փորլուծություն է սկսվել, համատարած բնույթից հասկացել են, որ սննդային թունավորման հետեւանք է։ Մինչեւ հաջորդ առավոտյան նույն ախտանշաններ ունեցողների թիվը հասել է 54-ի, որոնցից երկուսը՝ հղի։ Հրավիրվել են հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, Սննդի անվտանգության պետական տեսչության մասնագետները, որոնք փորձանմուշներ են վերցրել այդ օրը մատուցված՝  Արտ լանչի սննդից։ Ընկերության հիմնադիր Բակուր Մելքոնյանը հավաստիացնում է, որ միսը ձեռք բերելիս պահպանել են բոլոր սահմանված կանոնները

«Միսը ստանում ենք ամեն երկու օրը մեկ, ամեն փաստաթղթով գալիս է։ Բոլոր թղթերը տրամադրել ենք բոլոր մարմիններին։ Երկու մատակարար ընկերությունից ենք մսամթերքը ձեռք բերում, նույն մսամթերքից նույն օրը կերակրվել է մոտավորապես 15 հազար մարդ։ Մենք նույնպես թե հում, թե եփված միսն ուղարկել ենք փորձաքննության»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բակուր Մելքոնյանը՝ բացառելով, որ կարող էր հին մսամթերք մատուցվել․«Մեզ մոտ մենյուն ամեն օր փոփոխվում է, որ ուղղակի բացառվի նման դեպքը, թե հնարավոր է՝ մարդկային գործոնի հետեւանքով նույն մթերքը երկրորդ օրը մատուցվի»։

«Արտ Լանչ» ընկերությունը փոխել է մսամթերքի մատակարարներին, իսկ մինչեւ տեսչական մարմնի ուսումնասիրությունների արդյունքները կպարզվեն, հիվանդանոցը ժամանկավորապես դադարեցրել է աշխատանքը «Արտ Լանչ»-ի հետ, առայժմ կօգտվեն սննդի այլ մատակարարից։

 



loading...