«Մենք առավել քան պատրաստ ենք». ԱԳ նախարարը՝ առանց նախապայմնների բանակցությունների մասին


«Մենք առավել քան պատրաստ ենք». ԱԳ նախարարը՝ առանց նախապայմնների բանակցությունների մասին
Սեպտեմբեր 21 10:13 2020

Հայաստանը շատ հետեւողական է եղել իր մոտեցումներում խաղաղ գործընթացի վերաբերյալ, մենք առավել քան հստակ ընդգծել ենք, որ խաղաղ գործընթացն այլընտրանք չունի, որ կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով, որ այդ ամենը մենք ասում ենք բացարձակ ինքնավստահության հիման վրա, որ Հայաստանն ու Արցախը հզոր են պաշտպանելու իրենց, իրենց շահերը, իրենց սահմանները: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով նրան եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են արել վերադառնալ առանց նախապայմանների բանակցությունների:

«Այդ առումով մենք մնում ենք բացարձակ հավատարիմ խաղաղ կարգավորմանը: Այդ տրամաբանության մեջ է, որ մենք առավել քան պատրաստ ենք եղել եւ մնում խաղաղ  գործընթացի շարունակությանը եւ շարունակելու այն աշխատանքը, որը մենք կատարել ենք այս ողջ շրջանում: Վերջին անգամ մեր հանդիպումը եղել է հունվարին, հետ ունեցել ենք այս իրավիճակը կապված համավարակի հետ: Բայց մեր վճռականությունը շարունակելու բանակցային գործընթացը երբեք չի նվազել եւ մենք պատրաստ ենք: Երբ  կլինեն հայտարարություններ, թե ինչպես ենք շարժվում առաջ, կլինի հստակություն, մենք կհայտարարենք»,-ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է ժամկետներին, Զոհրաբ Մնացականյանն ասաց. «Մենք պատրաստ ենք շատ արագ անել, մենք հիմա խորհրդակցում ենք, խոսում ենք համանախագահների հետ, կկարողանանք պայմանավորվել եւ կհայտարարենք դրա մասին»:



loading...