Նորավանքի լեգենդը (մի սիրո պատմություն)


Նորավանքի լեգենդը (մի սիրո պատմություն)
Սեպտեմբեր 19 00:21 2020

Նորավանքը գտնվում է Պատմական Հայաստանի Մեծ Հայքի Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառում, այժմյան Վայոց ձորի մարզում։ Նրովանքը կառուցվում է Օռբելյանների օրոք, երբ ծաղկում են ճարտարապետությունը, արվեստը և գիտությունը։ Վայոց ձորում կառուցվում են նոր եկեղեցիներ, վանական համալիրներ, որոնցից, ամենահոյակերտը Նորավանքն է։

Պատմական փաստերը վկայում են, որ մեզ հայտնի Նորավանքը կառուցվել է միջնադարյան մի մենաստանի տեղում։ Օրբելյաններից առաջ Նորավանքում վանական միաբանության հիմնադրման մասին են վկայում պատմական բազմաթիվ փաստեր։ 1211 թվականին, երբ հայ-վրացական միացյալ բանակն ազատագրում է Վայոց ձորը, այստեղ հաստատվում են Օրբելյանները և նրանց իշխանությանն է հանձնվում Վայոց ձորի գավառն ու Նորավանքը։ Տաճարի հիմնադրման տարեթիվը համարվում է 1221 թվականը։

 

Լեգենդը վկայում է …

Պատմում են, որ հայտնի ճարտարապետ ու քանդակագործ Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի երիտասարդ դստերը: Իշխանին բացարձակապես դուր չի գալիս այն միտքը, որ իր ազնվական դստերը կարող է կնության առնել հասարակ մի ճարտարապետ: Իշխանը հայտարարում, որ իր դստերը կնության կտա Մոմիկին՝ միայն մեկ պայմանով.

վարպետը պիտի կառուցի աննախադեպ գեղեցկության մի եկեղեցի սեղմ ժամկետներում՝ ընդամենը 3 տարվա ընթացքում:

Մոմիկը պիտի աշխատի միայնակ՝ առանց օգնող ձեռքերի՝ արհեստավորվերի ու շինարարների: Հավանաբար, իշխանը չէր ակնկալում, որ Մոմիկը կհամաձայնի գործի անցնել, բայց վերջինս ընդունում է մարտահրավերը: Վարպետը շուրջ երեք տարի՝ օր ու գիշեր աշխատում է իր գլուխգործոցի վրա. արդյունքն ավելի քան զարմանահրաշ էր, Նորավանքը գրեթե պատրաստ էր ընդունել հավատավորներին, ինչն էլ նշանակում էր, որ Մոմիկը պատվով է անցել փորձությունը:

Հենց այդ պահին, երբ վանքը գրեթե պատրաստ էր, և մնում էր միայն վերջին քարը մշակել և տեղադրել եկեղեցու գմբեթին, դաժան իշխանը, չկամենալով կատարել իր խոստումը, որոշում է դավադրություն նյութել։ Նա իր ծառային ուղարկում է Մոմիկի մոտ, որը, բարձրանալով եկեղեցու գմբեթին, ցած է հրում մեծն վարպետին: Մոմիկը ընկնում է եկեղեցու գմբեթից, իսկ այդ վերջին չարաբաստիկ քարն էլ գլորվում վարպետի վրա՝ հասցնելով մահացու հարվածը։ Ժողովուրդը հավաքվում է սիրելի ճարտարապետի դիակի շուրջ, երբ վերջապես հաջողվում է բարձրացնել քարը, վարպետի մարմինը հողին հանձնելու համար, բազմությունն ականատես է լինում իսկական հրաշքի․

Մոմիկի հոգին դրոշմվում է քարե սալիկի վրա, որն էլ իր հերթին վերածվում է մի զարմանահրաշ գեղեցիկ խաչքարի:

Ըստ ավանդության, այս առանձնահատուկ խաչքարը Մոմիկի գերեզմանաքարն է: Գերեզմանը պահպանվել է մինչ օրս, իսկ վարպետի մահվան ճշգրիտ տարեթիվը 1333 թվականն է, որը նշված է խաչքարի վրա:



loading...