«Մտահոգիչ իրադարձություններ են տեղի ունենում». Արման Աբովյան


«Մտահոգիչ իրադարձություններ են տեղի ունենում». Արման Աբովյան
Սեպտեմբեր 18 23:48 2020

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հը՜մմմ, արտաքին ճակատում բավականին մտահոգիչ իրադարձություններ են տեղի ունենում։
     Նախ սկսեմ նրանից, որ օգոստոսին Թուրքիան Ադրբեջանում անցկացրեց աննախադեպ լայնածավալ զորավարժություններ, սակայն մինչ այսօր չկա որևէ տեղեկություն, որ թուրքական զորքը դուրս է եկել Ադրբեջանի տարածքից։
     Հիշեցնեմ նաև, որ խոսքը գնում է մի քանի հազար թուրք զինվորականների մասին, ովքեր մտան Ադրբեջանի տարածք բավականին լուրջ զինտեխնիկայով, նույնիսկ ավիացիայով։
     Իմիջիայլոց, արդեն երկրորդ օրն է, որ թուրքական F-16 կործանիչները ցուցադրական թռիչքներ էին կատարում հին հայկական Գանձակ (ադրբեջաներեն՝ Գյանջա) քաղաքի օդային տարածքում։ Դրա հետ մեկտեղ տեսնում ենք, որ Թուրքիան չի դադարում իր ռազմատենչ և հակահայակական հռետորաբանությունը։
     Ինչևիցե, եկեք ֆիքսենք, որ հիմա ադրբեջանական տարածքում գտնվում է թուրքական բանակ (այնպես չէ, որ նախկինում չկար, ուղղակի նախկինում իրենց կողմից այդ փաստը քողարկվում էր)։
     Թուրքիան չի դադարում իր ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքի տարածքում՝ Սիրիա, Իրաք, Լիբիա։ Թուրքական ռազմական նավերը գտնվում են Միջերկրական ծովում և այնտեղ հասունանում է չափազանց լուրջ կոնֆլիկտ թուրքերի և հույների միջև։
     Պետք է հասկանալ, որ Թուրքիան բոլոր արտաքին ճակատներում իր ամբողջ «ստավկեն» դնում է ռազմական «շանտաժի» վրա։
     Նախկինում մենք նշել էինք, որ Թուրքիան այլ տարբերակ չունի, քանզի եթե դիտարկենք ամբողջ խնդիրները կոմպլեքսի մեջ ապա կտեսնենք, որ Թուրքիան իրականացնում է լայնածավալ պանթուրանական պրոյեկտի ռազմական հատվածը։
     Ի՞նչ է նա անում. բոլոր տարածաշրջանային «նյարդային կետերում» տեղակայում է ռազմական ուժ։
     Ես համոզված եմ, որ ռազմական գործոնը պանթուրանական ծրագրի մեջ ամենակարևոր բաղադրիչներից մեկն է, օրինակ, հիշեցնեմ, որ հենց թուրքերի նախաձեռնությամբ արդեն գնում է խոսակցություն «Թուրանական բանակի» ստեղծման մասին։
     Խոսքը մասնավորապես նրա մասին է, որ ՆԱՏՕ-ի թուրքական տարբերակ պետք է ձևավորվի, այսինքն՝ թուրքալեզու պետությունների համատեղ ռազմական համակարգ պետք է կառուցվի։
     Ինչ վերաբերում է մեզ, այո՛, մենք հիմա իրավունք չունենք պասիվ լինելու։
     Մենք պետք է գեներացնենք այն քաղաքական շարժերը, որոնք առաջին հերթին կզսպեն Թուրքիային, մյուս կողմից կտան մեզ ավելի լայն մանևրելու հնարավորություն։
     Օրինակ՝ Հայաստանն արդեն իսկ հայտարարել է, որ միանում է հակաթուրքական նոր ալիանսին, որի մեջ Հունաստանն է, Կիպրոսը, ֆրանսիան, և այնտեղ մենք պետք է լինենք ոչ թե պարզապես դիտորդի դերում, այլ պետք է լինենք մտքերն ու գաղափարները գեներաացնող կողմը։
     Մի խոսքով, չպետք է մոռանանք, թե ինչ է կատարվում արտաքին ճակատում և պետք է ամենօրյա ռեժիմով պատրաստ լինենք արագ, ճիշտ և գրագետ դիմակայել ակնկալվող բոլոր մարտահրավերներին»: