Փորձագետը պարզաբանել է, թե ինչու ոչխարի եւ այծի արտահանման մասին Փաշինյանի տվյալները ստույգ չեն


Փորձագետը պարզաբանել է, թե ինչու ոչխարի եւ այծի արտահանման մասին Փաշինյանի տվյալները ստույգ չեն
Սեպտեմբեր 18 17:17 2020

Գյուղատնտեսության ոլորտում վիճակագրական համակարգը որեւէ ընդհանրություն չունի իրական պատկերի հետ, քանի որ թվերը «նկարում են» մարզպետների հանձնարարականով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ագրարա-գյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը:

«Ապա մարզպետներն այդ ցուցանիշներով գնում են Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, որտեղ «նկարում են» ընդհանուր թվերն ու զեկուցում վարչապետին: Եթե խոսվում է արտահանման աճի մասին, ապա ինչու է այս տարի ոչխարի միսը թանկացել 500 դրամով (գրեթե 20 տոկոս)»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ով է հրապարակում թվերը՝ Պետեկամուտների կոմիտեն, Վիճակագրական կոմիտեն կամ էլ որեւէ այլ գերատեսչություն:

Փորձագետը հիշեցրեց, որ անցած տարի կառավարությունը տվյալներ է հրապարակել, որ արտահանվել է 20 հազար տոննա ոչխարի միս՝ 1 մլն գլուխ:

«Ընդ որում, նույն իշխանությունները գրեցին, որ Հայաստանում ընդամենը 600 հազար գլուխ ոչխար կա: Դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ թվերը պարզապես «նկարում են»: Հավաստի տեղեկություն ստանալու համար տվյալներ պետք է ներկայացնել անմիջապես արտադրողները: Մանր եղջերավոր անասունի արտահանման ռեկորդային թիվ է գրանցվել (250 հազար գլուխ) այն շրջանում, երբ գյուղատնտեսության նախարար էր Գերասիմ Ալավերդյանը (2009-2010թթ.-խմբ.), ինչը լուրջ վնաս է հասցրել ոչխարների մայր կազմին»,-հավելեց Բերբերյանը:      

Նրա պնդմամբ՝ Հայաստանում տարեկան կարելի է բուծել գրեթե 1,2 մլն գլուխ ոչխար առանց տնտեսությանը վնաս հասցնելու, սակայն դրա համար պրոֆեսիոնալ մոտեցում է պետք:

«Ոչխարներն այսօր բուծվում են հիմնականում Իրանում եւ արաբական երկրներում: Հայաստանում նույնիսկ գործում է իրանական ընկերություն, որը զբաղվում է անասունների որակի վերահսկողությամբ ու մսի տեղափոխմամբ»,-նշեց նա:  

Ինչ վերաբերում է խոշոր եղջերավոր անասունին, Բերբերյանի տվյալներով, 3 տարվա ընթացքում Հայաստանը կորցրել է 160 հազար գլուխ:  

«Այս տարի առաջընթաց կա, եւ խոշոր եղջերավոր անասունի քանակն ավելացել է 40-50 հազարով (այժմ կա մոտ 450-500 հազար գլուխ)»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով կառավարության աջակցության միջոցների մասին՝ փորձագետը պարզաբանեց, որ դրանից օգտվել է 20 ֆերմերներից 1-ը:

«Անարդյունավետությունը կայանում է նրանում, որ իշխանությունները կրկին որոշել են հարստացնել բանկերին, այդպիսով տուժում է գյուղատնտեսությունը: Սուբսիդիաներ պետք է ստանար անմիջապես արտադրողը»,-եզրափակեց ՀԿ ղեկավարը:  

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր, որ 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից կենդանի ոչխարի եւ այծի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 256 տոկոսով:

«Արտահանվել է շուրջ 41 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանի, ընդհանուր առմամբ շուրջ 3,4 միլիոն դոլարի»,-գրել էր վարչապետը: