Պատերազմում հաջողության հասնելու համար մարտունակ բանակ ունենալը քիչ է. Ռոբերտ Քոչարյան


Պատերազմում հաջողության հասնելու համար մարտունակ բանակ ունենալը քիչ է. Ռոբերտ Քոչարյան
Սեպտեմբեր 18 20:39 2020

Պատերազմում հաջողության հասնելու համար մարտունակ բանակ ունենալը քիչ է։ Այս մասին երկրորդ նախագահի պաշտոնական յություբյան ալիքում   տեղադրված՝ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման թեմայով փորձագետների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Լայնածավալ պատերազմ սկսելու համար մարտունակ բանակ ունենալը կարեւոր է միայն առաջին ամսին։ Երկու շաբաթ հետո բոլոր մասնագետները կասեն․ մենք պետք է հասկանանք՝ ունե՞նք մարտունակ պահեստազոր, մենք ունե՞նք բավարար զենք, զինամթերք՝ համալրելու համար, եւ կախված պատերազմի ինտեսիվությունից՝ մենք պետք է հասկանանք, այսօր երկրի մոբիլիզացումը կառավարելիության տեսակետից ի՞նչ մակարդակի վրա է գտնվում։ Պատերազմը կարող է երկար տեւել, կարող է ամիսներ տեւել, կարող է տարիներ տեւել։

Հիմա կորոնովիրուսի դեմ պայքարը ցույց տվեց, որ մոբիլիզացիոն ռեսուրսի կառավարելիություն գոյություն չունի։ Դու կարող ես ունենալ մարտունակ բանակ, եւ այդ մարտունակ բանակը կա, եւ ստեղծվել է երկար տարիների ընթացքում եւ բոլոր իշխանությունների մեծ ուշադրության ու մասնակցության ներքո։ Եվ շատ լավ է, որ դեռ քաղաքական դեմքերը բանակ չեն մտել ու դեռ չեն հասցրել վնաս հասցնել իրենց գործունեությամբ։ Դեռ բանակը մնացել է պրոֆեսիոնալ շրջանակների ազդեցության տակ։ Բայց կրկնում եմ՝ մենք պետք է անվտանգությանը նայենք մի քիչ ավելի լայն կոնտեքստի մեջ։ Հետո մենք պետք է ճիշտ գուշակենք՝ ինչ պրոցեսներ են մեր առջեւ, ո՞ւր է գնում մեր աշխարհը, մեր քայլերը ճի՞շտ ենք անում, թե՞ ճիշտ չենք անում։ Ես միգուցե մի այսպիսի զուգահեռ բերեմ։ Դրա մասին հիմա քիչ են խոսում։

Ղարաբաղում մեր հաջողության գրավականը ոչ միայն ժողովրդի պայքարն էր, ոչ միայն պատրաստակամությունը մարտնչել, զոհվել պատերազմի դաշտում, բայց նաեւ 3 կարեւորագույն հանգամանք․ մենք ավելի շուտ, քան Ադրբեջանը հասկացանք, որ Սովետական Միությունը փլուզվում է։ Դրա մասին հիմա չեն խոսում, միգուցե քաղաքագետների քննարկման թեմա չի էլ դարձել, բայց մենք ավելի շուտ ենք հասկացել։ Օրինակ, ես արդեն 88 թվի վերջին ինքս ինձ հարց էի տալիս, որ Սովետը փլուզվի, ի՞նչ ենք անելու, ո՞նց է լինելու։ 89 թվի կեսին մենք արդեն իրար էինք հարց տալիս, որ Սովետը փլուզվի, ի՞նչ է լինելու։ Ղարաբաղում ներքին զորքերի մի հսկա կոնտինգենտ էր տեղաբաշխված, մեր դեմ էին աշխատում, բայց նաեւ լայնածավալ կոնֆլիկտների տեղ չէին տալիս։ Մեր տղաներին էին բռնում, հանձնում Ադրբեջանին։ Մեր դեմ էին աշխատում, բայց լայնածավալ կոնֆլիկտ չէին թույլատրում։ Հիմա մենք ի՞նչ սկսեցինք անել։ Սկսեցինք մեր ամբողջ ջանքերը ուղղակի դնել բացի հանրահավաքներից, գործադուլներից, ջոկատների ստեղծման վրա։ Ես 88 թվի սկզբից, կեսից, ավելի շատ ժամանակ դրա վրա էի ծախսում, քան քաղաքական երեւացող գործունեության վրա։

Նույն ժամանակ Ադրբեջանը հույսը դրել էր, որ ներքին զորքերի ձեռքերով մեզ կոչնչացնեն, մեզ կճնշեն, մեզ կպարտադրեն իրենց ուզած լուծումները։ Որոշ չափով արեցին՝ Շահումյանի հյուսիս, Հադրութի հարավ, հայտնի «Օղակ» օպերացիայի շրջանակներում, բայց երբ Սովետը փլուզվեց, պարզվեց, որ մենք ունենք բավականին մարտունակ, որոշակի փորձ ձեռք բերած ջոկատներ, Ադրբեջանը չունի։ Սա վճռորոշ դեր խաղաց։

Երկրորդ հանգամանք՝ մենք մեկ տարի շուտ, քան Ադրբեջանը, կենտրոնացրինք իշխանությունը Ղարաբաղում։ 92 թիվ՝ օգոստոս, Պետական պաշտպանության կոմիտեն ամբողջացրեց իշխանությունը մեկ կետից զինվորական, քաղաքացիական, մտել էինք մոբիլիզացիոն կառավարման մեջ։ Ադրբեջանը այդ վիճակի մեջ մտել է 93 թվի սեպտեմբերին մոտավորապես, երբ Ալիեւը իր անձի հեղինակաությամբ վերադարձավ եւ մի քանի ամիս տեւեց մինչեւ կարողացավ ձեռը հավաքել ամեն ինչ, եւ այդ ընթացքում բոլոր ազատագրված տարածքները մեր վերահսկողության տակ էին։

Եվ երրորդը․ մենք առաջինը ջոկատներից անցում կատարեցինք միասնական բանակի ստեղծմանը։ Սկսվեց եւս 92 թվի օգոստոսից լայնածավալ այդ գործունեությունը, շատ չոր ճանապարհով, Ադրբեջանը դա սկսեց եւս մեկ տարի ուշ։ Մենք բոլոր այս հարցերում ավելի արագ էինք, իրենք հետ էին մնում։ Եվ մենք, ըստ էության, ռեսուրսային առումով շատ ավելի թույլ լինելով՝ մի այնպիսի հարց ենք լուծել, որի շանսն ազգերը ստանում են 100 տարին մեկ, կարող է՝ 1000 տարին մեկ։ Դա այն շանսն է, որ կարող ես դու ամեն ինչ կորցնել կամ կարող ես քո երազանքն իրականացնել։ Հիմա մենք դա արեցինք, արեցինք, որովհետեւ ճիշտ ժամանակին կողմորոշվել ենք։

Հիմա ժամանակն է, աշխարհը եւս բավական բարդ պրոցեսի մեջ է մտնում, եւ այստեղ եւս պետք է պրոակտիվ քաղաքականություն։ Այսօր Հայաստանում այդ ինտելեկտուալ ներուժը կա՞, թե՞ չկա, դուք ի՞նչ եք տեսնում։ Հիմա դուք տեսնո՞ւմ եք պրոակտիվ քայլեր, որոնցով փորձում ենք առաջ ընկնենք, ճիշտ կողմնորոշվենք, թակարդների մեջ չհայտնվենք, միգուցե որոշակի ռիսկայնություն ունենալով, բայց ողջամիտ շրջանակներում մեր ազգային շահերն առաջ տանենք, ես չեմ տեսնում, եթե դուք տեսնում եք, ասեք։ Այդ հատվածը, որ ես պատմեցի Ղարաբաղի մասին, դա ոնց որ նաեւ գիտական բաներից դուրս մնաց, փորձագիտական շրջանակներից դուրս մնաց, այս ամենին գումարվեց նաեւ ժողովրդի կամքը։ Բայց եթե այդ որոշումները ժամանակին չկայացնեինք, այդ կողմնորոշումները չլներին, մեծ հարց է, թե այս ամենն ինչով կվերջանար։ Եվ այդ տեսանկյունից Ղարաբաղի էլիտան ճիշտ կողմնորոշվեց, շարժման ղեկավարությունը։ Խոսքը միայն իմ մասին չէ, խոսքը մի խումբ մարդկանց մասին է»,– ասել է նա։

Քոչարյանի խոսքով՝  Հայաստանը որպես պետություն եթե թուլանա, եթե որպես պետություն՝ գործոն չդառնա, նաեւ բանակն իր մարտունակությունը չի կարողանա երկար պահել։

«Այս երկու գործոնը միայն իրար սնելով կարող են ուժեղանալ, եթե քեզ մոտ արտագաղթը շարունակվի, դու չես կարողանա գործոն դառնալ, կոնֆլիկտ դառնալով Ադրբեջանի հետ, որտեղ բնակչության ուրիշ է, որովհետեւ երկար պատերազմն ի վերջո դառնում է ռեսուրսների պատերազմ, դա պիտի գիտակցենք։ Կարճ պատերազմը կարող է լինել մարտունակության, մոբիլիզացիոն կառավարելիության, բայց երկար պատերազմը ռեսուրսների պատերազմ է դառնում։ Դու չես կարող այդ ռեսուրսներն ունենալ, եթե քո ռեսուրսները հետընթաց են ապրում»,– ասել է Քոչարյանը։