Ինչ նոր տեղեկություններ է հայտնել Ադրբեջանը Նարեկ Սարդարյանի մասին


Ինչ նոր տեղեկություններ է հայտնել Ադրբեջանը Նարեկ Սարդարյանի մասին
Սեպտեմբեր 18 20:08 2020

Ադրբեջանի Հանրապետությունը կատարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջը՝ իրենց մոտ հայտնված ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելով:

Սարդարյանի ընտանիքի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղազարյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանը միայն մակերեսային պատասխաններ է տվել. «Իրենք ասում են, որ Նարեկը ապաստան է հայցել և, միևնույն ժամանակ, նրանց պատասխանից հասկացվում է, որ նա անազատության մեջ է. դրանք հակասում են իրար, որովհետեւ եթե ապաստան է հայցում՝ դա բացառում է քրեական վարույթը: Դա վարչական վարույթ է, և պետք է այդ հարցը լուծել, նոր որոշել՝ ապօրինի սահմանը հատելու հիմքով գո՞րծ հարուցել, թե՞ ոչ:

Ասում են՝ այս պահին իր դեմ հարուցված քրեական գործ չկա, քրեադատավարական կարգավիճակ չունի, միայն ապաստան է հայցել, այլ մանրամասներ չեն ներկայացնում: Բայց մենք գիտենք, որ Ադրբեջանում կա թշնամական մթնոլորտ, և հարց է՝ արդյո՞ք նրանք կարող են ապահովել Նարեկի անվտանգությունը»:

Ըստ Ադրբեջանի հայտնած տեղեկության՝ Նարեկը մի հաստատությունում է, որը գտնվում է զինվորական ոստիկանության հսկողության ներքո. «Ասում են, որ նրան ստուգել է զինվորական կայազորի բժիշկը, և ամեն ինչ նորմալ է: Բայց նրա հեռախոսը առգրավվել է, եթե ազատության մեջ լիներ՝ կկարողանար զանգահարել իր հարազատներին. պարզ չէ՞, որ եթե չի կարողանում, ուրեմն անազատության մեջ է: Հեռախոսը մնում է առգրավված, դրա առգրավումը նշանակում է կապի բացակայություն, իսկ անձին կապից կամ արտաքին աշխարհից զրկելն անազատության հատկանիշներից մեկն է»,- ընդգծեց փաստաբանը:

Նշենք, որ Նարեկ Սարդարյանի կինը չցանկացավ որևէ մեկնաբնություն տալ: